Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրաժարվում է դեկտեմբերի 2-ին բերման ենթարկվածների գործերից


Ոստիկանությունը հրաժարվում է դեկտեմբերի 2-ին բերման ենթարկվածների գործերից
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
2013-ի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, ըստ իրավապաշտպանների, աննախադեպ էր ոստիկանության գործողությունների տեսանկյունից։

Ընդամենը մի քանի ժամում իրավապահները քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկեցին 110 անձանց, ովքեր փողոցում խաղաղ ցույցով փորձում էին իրենց ձայնը բարձրացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ։

Լալա Ասլիկյանին և նրա ընկերներին բերման են ենթարկել Հյուսիսային պողոտայից, երբ խմբով պատրաստվում էին գնալ թեյելու։ Մինչև այստեղ գալը Լալայից ոստիկանները արդեն խլել էին նրա տեսախցիկը։ Ապա Հյուսիսային պողոտայում նրան են մոտեցել երկու ոստիկան և խնդրել սպասել մինչև կբերեն նրա տեսախցիկը։

«Հետո մեզ մոտեցան մի 15-20 կարմիր բերետավոր, չներկայացան, միանգամից մեզ վերցրին և տարան ոստիկանական մեքենաներ»,- պատմեց Ասլիկյանը։

Չի ուշացել ծանուցումն այն մասին, որ գործն ուղարկվել է Վարչական դատարան՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։ Թեև այդ օրը կատարված տեսանյութում երևում է, թե ինչ էին անում ակտիվիստները մինչև բաժին տարվելը, այդուամենայնիվ, ոստիկանությունը բոլորովին այլ պատմություն է ներկայացրել։

«Ծանուցման մեջ նշված էր, որ ես իբր փողոց եմ փակել իմ մարմնով, ոստիկանի օրինական պահանջին չեմ ենթարկվել ու հեռացել փողոցից»,- ասաց Արևիկ Մարտիրոսյանը, ով Ասլիկյանի հետ միասին բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայից։

Մեկ այլ ակտիվիստի՝ Վահե Գևորգյանին, դեկտեմբերի 2-ին բերման են ենթարկել պարզապես կանգառում կանգնելու համար։

«Ոստիկաններից մեկն ինձ ասաց, որ կանգառում կանգնել չի կարելի։ Հետո հասկացան, որ իրավական հիմք ներկայացնել չեն կարողանում, սկսեցին գոռալ, գողական խոսակցություններ տանել, ապա բերման ենթարկեցին», - ասաց Գևորգյանը։

Դեկտեմբերի 2-ին ոստիկանությունը չի ցանկացել տարբերակել ակտիվիստներին և լրագրողներին, անգամ երբ լրագրողը ներկայացրել վկայական, ձեռքին էլ տեսախցիկ է եղել։ Lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանին ոստիկանության բաժին են տարել քաղաքացիական հագուստով մարդիկ, քաղաքացիական մեքենայով, նրա ձևակերպմամբ՝ իրեն «առևանգել են»։ Միայն ավելի քան մեկ ժամ ոստիկանությունում պահելուց հետո իրավապահները լրագրողին ազատ են արձակել։

«Ասացին, որ կարող եմ գնալ, իսկ ես պահանջում էի՝ ինձ բացատրեին, թե ինչու էին ինձ բերման ենթարկել, ինչից հետո նրանք մոտ 1.5 ժամ փորձում էին պատճառաբանություն գտնել, ինձ ասում էին, որ ես իմ կամքով էի գնացել, ես ասում էի, որ ունեմ կադրեր, որտեղ երևում է, որ ինձ բռնի ուժով եք բերել»,- ասաց Ենոքյանը։

Դեկտեմբերի 2-ից օրեր անց ոստիկանությունը պարզաբանել էր, որ 110 քաղաքացիների մի մասին ոչ թե բերման է ենթարկել, այլ մեկուսացրել, թե ինչից և ինչու, չի բացատրել։ Ոստիկանությունը նաև պնդել էր, թե «հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած անձանց վարքագիծն է իրենց հարկադրել է այդ օրը ուժ կիրառել»։ Մինչդեռ հիմա ոստիկանությունը հրաժարվում է իր հայցադիմումներից ու չի ներկայանում Վարչական դատարան։

Այսօր նշանակված էր ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի դեմ հարուցված վարչական գործով առաջին նիստը, ոստիկանության ներկայացուցիչը չէր եկել։ Հովհաննիսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել, քանի որ, ըստ նրանց, «Զարուհուն և նրա ընկերներին որոշակի ժամանակով ազատազրկելը իրավաչափ չի եղել, նրանք պարզապես իրացրել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG