Մատչելիության հղումներ

«ԵՄ-ն պինդ կկանգնի Վրաստանի կողքին»․ Ֆյուլե


«Եվրամիությունը քննարկում է միջոցառումների մի ամբողջ շարք, որպեսզի պաշտպանի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Վրաստանի ընտրությունը, այն դեպքում եթե այդ ընտրությունը հայտնվի ճնշման տակ»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Երեքշաբթի օրը նա հադիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք կաթողիկոս Իլյա երկրորդի հետ:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է․ - «Հիմա, երբ միջազգային հանրությունը աճող հետաքրքրությամբ հետևում է Ուկրաինայի իրադարձությունների զարգացմանը, պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանի գործելակերպը այստեղ Վրաստանում նույնպես լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Ռուսաստանը նորից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրներ է հարուցում, այդ թվում կառուցում է արգելափակոցներ ու ռազմական շինություններ սերտ հարաբերություններ ունեցող ժողովուրդների միջև: Ռուսաստանը պետք է պահպանի միջազգային իրավունքը և հարգի իր հարևան Վրաստանի ինքնիշխանությունը»:

Նա նշել է, որ Եվրամիության և Վրաստանի միջև այս տարվա ընթացքում ասոցացման համաձայնագրի ստորագրումը կաջակցի կողմերի միջև առանց այդ էլ գոյություն ունեցող եզակի հարաբերությունների զարգացմանը:

«Մեզ դժվարին խնդիրներ ու մարտահրավերներ են սպասում: Մենք գիտենք, թե ինչ ճնշումների է ենթարկվել Ուկրաինան ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ցանկության համար: Մենք գիտենք որ այդպիսի ճնշումներ կան Արևելյան գործընկերության այլ վայրերում: Եվրամիությունը պինդ կկանգնի Վրաստանի կողքին նույնիսկ այն դեպում, եթե նրա նկատմամբ որևէ ճնշում կիրառվի»,- Թբիլիսիում հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:

Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլյա երկրորդը եվրահանձնակատարի հետ կայացած հանդիպմանը ասել է, թե եկեղեցին «ամեն ինչ կանի» օգնելու, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ: Վրաց կաթողիկոսը նշել է․ - «Որոշ երկրներում սխալ տեղեկատվություն է տարածվում, թե վրաց եկեղեցին դժվարացնում է այդ գործընթացը, սակայն հավաստիացնում եմ, որ վրաց եկեղեցին հնարավորինս կանի այդ գաղափարը իրականացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG