Մատչելիության հղումներ

Մրցակցային դաշտի ձևավորումը կառավարության առաջնահերթություններից է


«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը այսօր ներկայացրել են 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը:

Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ զեկույցի ներկայացմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, թե այսօր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը մրցակցային արդար դաշտի ձևավորումն է:

«եթե այդ ուղղությամբ արձանագրվի էական և շոշափելի առաջընթաց, ապա գործադիրն իր հիմնական առաքելությունն առաջիկա տարիների համար իրականացրած կլինի», - իր ելույթում, մասնավորապես, ասել է վարչապետը: - «Մենք կարևորում ենք այս հանգամանքը, որովհետև հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է: Տնտեսական համակարգի շարժիչը տնտեսություն վարող սուբյեկտների համար հավասար պայմաններն են, որոնց ազդեցությունը տնտեսության վրա շատ ավելին է, քան մյուս գործոններինը: Այստեղ կարևոր են մասնավոր հատվածի գնահատականները, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք և գնանք առաջ»:

Կառավարության ղեկավարը հիմնարար խնդիր է համարում նաև Հայաստանում ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը, ինչի արդյունքում պետք է լուծել կարևորագույն քաղաքական խնդիրը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Դա, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակությունը չի կարող ձևավորվել առանց միջին խավի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG