Մատչելիության հղումներ

Գառնեցիները ոտքի են կանգնել


Գառնեցիները ոտքի են կանգնել
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Արդեն մի քանի ամիս է մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ը պայքարում է Գառնու տաճարի բաղնիքի հարևանությամբ, ինչպես իրենք են բնորոշում՝ շարժական սրճարան հիմնելու համար, ասում են այդ կերպ նաև զբոսաշրջությունն են զարգացնելու և ստացված եկամուտներով տարածքն են բարեկարգելու: Իսկ Գառնիի գյուղապետը, մշակութային հաստատությունների ղեկավարներն էլ պայքարում են այդ սրճարանը պատմամաշակութային արգելոց թանգարանում չտեսնելու համար։ Հստակ պատճառաբանություն ունեն։

«Պատմամշակութային արժեք ներկայացնող հողատարածքում արգելվում է այլ շինարարական աշխատանքներ կատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի տեղակալ, փաստաբան Վոլոդյա Հովհաննիսյանը։

Գյուղապետ Աշոտ Վարդանյանի խոսքով՝ ո՛չ տարածքն է ուսումնասիրվել, ՛ոչ էլ տեղում պեղումներ են արվել, հետեւաբար ասել, թե հնագիտական արժեքներին վտանգ չի սպառնում, հնարավոր չէ։

Գառնիի մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադևոսյանն էլ ասում է, թե տարբեր գերատեսչություններ գրություններ են ներկայացրել, ընդհուպ մարզպետին են դիմել՝ խնդրանքով միջամտել ու շինարարությունը դադարեցնել, սակայն պատասխան քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվել։

«Պարիսպից դուրս հինգ հատ սրճարան կա, թող գնան իրենք էլ այնտեղ կառուցեն, որ ասում են գաթա ենք թխելու, գաթան ծախելու ենք ու դրանով ստեղ շինարարություն ենք անելու, դա սուտ է բացարձակապես։ Գիտեք ինչքան եկամուտ է տալիս էս տաճարը, ամբողջ հանրապետության թանգարաններն այդքան եկամուտ չունեն, ինչքան այս տաճարը։ Տարեկան հաշվեք, սեզոնին՝ ապրիլ, մայիսից հետո օրեկան 4-500 000-ից ավել տոմս է վաճառվում ստեղ, եթե պետական միջոցներով չեն բարեկարգում, գաթա շախելով ստեղ պետք է բարեկարգում կանե՞ն, ո՞ւմ աչքերին են փոշի ցանում», - ասաց Թադեւոսյանը։

Շինարարությանը դեմ են են նաև իրենց արորդիներու ուխտի քուրմեր կոչողները։ Նրանք ամեն տարի այստեղ հատուկ արարողակարգով նշում են Վահագնի ծնունդը։ Ասում են տաճարն իրենց սրբավայրն է ու վիրավորված են իրենց սրբավայրի հանդեպ պետության դրսեւորած վերաբերմունքից։

«5000 տարվա պատմության խորքից ես վիրավորվում եմ։ Գումար ես ուզում ճանապարհը սարքելու, 6 միլիոն տալիս են, փոխանակ դու սրճարան սարքես, ճանապարհը սարքի, բարերարի անունն էլ գրենք տախտակով, բազալտե կամ ուզում են ոսկե տառերով գրենք։ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին աղաղակում ենք, վայրագ թուրքից պահանջում ենք բարոյականություն և պատասխան, և մենք մեր կացինների կոթերը կտրելով մեր անտառներից, մեր կացնով հատում ենք մեր մշակութային արմատը», - ասում են նոր հեթանոսները։

Երկու օր է ինչ գյուղապետի նախաձեռնությամբ շինարարությունը դադարեցվել է ու մինչ գյուղապետը գրությամբ կդիմեր ոստիկանություն այս շինարարությունը առհասարակ դադարեցնելու պահանջով՝ «Պատմամշակութային արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենը երեկ հաղորդում է տվել ոստիկանություն՝ ասելով, որ խանգարում են շինարարական աշխատանքներին։ Գյուղապետն էլ ասում է, որ միևնույն է փաստերն իր օգտին են, ինքն էլ փոխադարձաբար արդեն դիմել է ոստիկանություն ու համապատասխան օրենքներին հղում անելով խնդրել դադարեցնել շինարարությունը։

«Շինարարության թույլտվություն տալիս է համայնքը, եթե ես չեն տվել ու իրենք սկսել են, ուրեմն օրենքի խախտում է, դրա համար ես դիմել եմ ոստիկանություն, և փաստաթուղթ կա իմ ձեռքին»,-ասաց գյուղապետը։

Այսօր մշակույթի փոխնախարարը կողմերին հրավիրել էր խորհրդակցության ու խոստացելգնալ, տեղում խնդիրն ուսումնասիրել ու լուծում տալ։

Սակայն գյուղապետը վճռական է. - «Ես ապրել եմ Գառնիում, ծնվել եմ Գառնիում, մեծացել եմ Գառնիում և պահել ու պահպանելու եմ Գառնին ու հեթանոսական տաճարը», -ընդգծեց գյուղապետ ԱշոտՎարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG