Մատչելիության հղումներ

Ղրիմի հայությունը չեզոքություն է պահպանում


Ղրիմ, Ուկրաինա - Բողոքի ցույց Սևաստոպոլի քաղաքապետարանի դիմաց, 24-ը փետրվարի, 2014թ․
Ղրիմ, Ուկրաինա - Բողոքի ցույց Սևաստոպոլի քաղաքապետարանի դիմաց, 24-ը փետրվարի, 2014թ․

«Որևէ խնդիր չունենք ո՛չ ուկրաինացիների, ո՛չ ռուսների, ո՛չ էլ թաթարների հետ», - ասում է Ղրիմահայոց ընկերության փոխնախագահը:

Պաշտոնական տվյալներով՝ Ղրիմում ապրում են 9-11 հազար հայեր, և նրանց մեծ մասը ներկայումս այնտեղ տեղի ունեցող իրադարձություններում որևէ ձևով ներգրավված չէ և չեզոքություն է պահպանում:

«Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք և որևէ խնդիր չունենք ո՛չ ուկրաինացիների, ո՛չ ռուսների, ո՛չ էլ թաթարների հետ», - ասում է Ղրիմահայոց ընկերության նախագահի տեղակալ, լրագրող Վահան Վերմիշյանը:

«Ղրիմահայոց ընկերությունը բոլոր հայերի անունից որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս, պահպանում է նեյտրալիտետ՝ ինչպես և բոլոր հայերը ամբողջ Ղրիմում, որևէ կոնֆլիկտի չենք գնում ո՛չ ռուսների, ո՛չ Ղրիմի թաթարների, ո՛չ ուկրաինացիների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վերմիշյանը՝ շարունակելով․ - «Այնպես որ, մեր քաղաքական դիրքորոշումը՝ այսպես կոչված, եթե դա կարելի է քաղաքական դիրքորոշում անվանել, դա բարիդրացիական հարաբերություններն են, որպեսզի Ղրիմում խաղաղություն տիրի»:

Հարցին՝ իսկ եթե Ուկրաինայից անջատվելու կամ Ռուսաստանին միանալու հանրաքվե լինի Ղրիմում, ինչպե՞ս կքվեարկեն հայերը, Ղրիմահայոց ընկերությանը նախագահի տեղակալը արձագանքեց․ - «Ես չեմ կարղ ասել: Նորից եմ ասում՝ նրանք առաջին հերթին Ուկրաինայի քաղաքացիներն են, և ամեն մեկի քաղաքական դիրքորոշումը իր անձնական գործն է: Դա կապված է մարդկանց և՛ սոցիալական վիճակից, և՛ ստատուսից, և այլն, կարող են և գուցե տարբեր կարծիքներ լինել»:

Վերմիշյանի վկայությամբ՝ հայերի նկատմամբ վերաբերմունքը Ղրիմում բոլորի կողմից նորմալ է, և գոնե այժմ որևէ խնդիր չկա:

«Քաղաքական խտրականություն այստեղ, ավելի ճիշտ՝ ազգային խտրականություն չկա, հայերը Ղրիմում համարվում են Ղրիմից բռնագաղթած ազգերից մեկը, ինչպես Ղրիմի թաթարները, գերմանացիները, հույները և բուլղարացիները: Կա պետական որոշակի ծրագիր, որը օգնում է մեզ մշակութային որոշ միջոցառումներ կազմակերպել, լրացուցիչ վճարումներ են կատարվում, որ մենք կարողանանք մեր ազգային ամսագիրը հրատարակել: Այնպես որ, մենք այստեղ այդ հանգամանքով որևէ պրոբլեմ չունենք», - ասաց Ղրիմահայոց ընկերության փոխնախագահը:

Հավելենք, որ Ղրիմում քիչ չեն նաև հայաստանցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG