Մատչելիության հղումներ

Times. Պուտինը՝ անսպասելի խաղաղարար Ուկրաինայում


Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, 17-ը դեկտեմբերի, 2013թ․
Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, 17-ը դեկտեմբերի, 2013թ․
«Կիևում սկիզբ առած արյունահեղությունը հնարավոր եղավ դադարեցնել Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ», - պնդում է Լոնդոնում լույս տեսնող ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` Times-ը:

Բրիտանական թերթը կարողացել է որոշ մանրամասներ հայթայթել անցած շաբաթ Կիևում ծավալված ողբերգական իրադարձություններին զուգահեռ ընթացած ակտիվ դիվանագիտական շփումների մասին:

«Հեռախոսափողում հնչած ձայնը, որ կարողացավ համոզել Վիկտոր Յանուկվիչին զիջումների գնալ և վերջ տալ արյունահեղությանը, պատկանում էր շատ անսպասելի մի խաղաղարարի` Վլադիմիր Պուտինին», - գրում է Times-ը:

Թերթի փոխանցմամբ՝ Պուտինի առանցքային դերակատարության մասին վարկածը հաստատում է նաև բախումների պահին Կիևում գտնված Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Պուտինի դերակատարությունը որոշիչ էր այն պահին, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին», - նշում է լեհական դիվանագիտության ղեկավարը:

«Ուշագրավ է, որ ուկրաինական հակամարտության երեք ամիսների ընթացքում Ռուսաստանը որպես խառնակիչ էր ընկալվում», - գրում է բրիտանական պարբերականը` տեղեկացնելով, որ Պուտինի ակտիվ հեռակա մասնակցությունը Կիևում ընթացող բանակցություններին սկիզբ առավ այն պահին, երբ Յանուկովիչը Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ընթացքում համառորեն հրաժարվում էր նշանակել արտահերթ նախագահական ընտրությունների օրը:

«Ես ասացի Յանուկովիչին` «Մայդանը կընդունի այս համաձայնագիրը միայն մի դեպքում` եթե Դուք նշեք Ձեր հրաժարականի կոնկրետ օրը»: Լսելով դա՝ Յանուկովիչը սփրթնեց, բայց գերադասեց տեղի չտալ», - Times-ին պատմել է Սիկորսկին՝ շարունակելով․ - «Այդ դրվագից քիչ անց Յանուկովիչին զանգահարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վիկտոր Յանուկովիչը հեռացավ սենյակից` Պուտինի հետ զրուցելու համար, ինչից հետո վերադարձավ և համաձայնեց սահմանափակել իր պաշտոնավարման ժամկետը: Այդ պահից սկսած ամեն ինչ բանակցություններում հնարավոր դարձավ»:

Times-ի մեկ այլ աղբյուր` արևմտյան բարձրաստիճան մի դիվանագետ, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, հաստատել է Սիկորսկու պատմածը: «Իրադարձությունների զարգացման այն վարկածը, որ մենք ենք լսել, շատ նման է [Սիկորսկու պատմածին]: Յանուկովիչը հարցրել էր Պուտինին` «Դուք կաջակցե՞ք ինձ` զորքեր ուղարկելով»: Պուտինի պատասխանը, սակայն, բացասական էր», - նշել է Times-ի աղբյուրը: «Այդ պահին ոստիկանության հատուկ ջոկատայինները արդեն պատրաստվում էին լքել նախագահական պալատը», - փետրվարի 20-ի երեկոյան իրադարձություններն է նկարագրում լոնդոնյան թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG