Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտարարվել է կինոսցենարների մրցույթ


Հարություն Խաչատրյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Հարություն Խաչատրյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100֊ամյա տարելիցին ընդառաջ հայտարարում են կարճամետրաժ (խաղարկային կամ վավերագրական) ֆիլմերի սցենարական մրցույթ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, լավագույն 10 սցենարների հիման վրա առաջիկա մեկ տարվա ընթացքում կնկարահանվեն ֆիլմեր, որոնք կներկայացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Լավագույն սցենարների հեղինակները կստանան նաև դրամական պարգևներ:

Ծրագիրը, ինչպես շեշտեց Խաչատրյանը, բավական ծախսատար է, սակայն, եթե ներկայացվեն 10-ից ավելի լավ սցենարներ, ապա դրանք նույնպես անպայման կնկարահանվեն:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նշեց․ - «Դա իրոք շատ կարևոր ծրագիր է, դա մեր ժողովրդի համար շատ կարևոր է, դա նաև ինչ-որ տեղ դիվանագիտություն է, դա մեր ազգի հիմնական հարցերից մեկին է նվիրված»:

Անդրադառնալով մրցույթին ներկայացվելիք սցենարներից իրենց ակնկալիքին՝ Հարություն Խաչատրյանն ասաց․ - «Երբ ուզում ես ստեղծել խճանկար մարդկանց հիշողությունների մասին, ում վրա ազդել է ցեղասպանության արհավիրքը, դա պետք է լինի փոքր ֆիլմեր, էմոցիոնալ փոքր ֆիլմեր: Կարճ տևողության մեջ, բայց ազդող: Ամեն մեկը պետք է մի պատգամ ունենա: Մեկ-մեկ՝ ագիտացիոն»:

Լևոն Սարգսյանը համաձայնեց, որ այդ ֆիլմերը պետք է անպայման հուզեն հանդիսատեսին․ - «Կարևորը, որ մենք զգանք, որ ինչ-որ լավ բան ենք արել, նպաստել ենք Ցեղասպանության ճանաչման գործին: Կարևորը սա է»:

Ֆիլմերի սցենարները կարելի է հանձնել մինչև գալիք հուլիսի 30-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG