Մատչելիության հղումներ

Սոչիում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները


Տիգրան Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Սոչիում, 24-ը փետրվարի, 2014թ․, լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Տիգրան Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Սոչիում, 24-ը փետրվարի, 2014թ․, լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Նախօրեին Տիգրան Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հետ:

Աշխատանքային այցով Ռուսաստանում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ», - ասել Հայաստանի վարչապետը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք Օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաև մեր բարեկամության և գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս - հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ», - ասել է, մասնավորապես, Ռուսաստանի վարչապետը:

Այնուհետև, պաշտոնական հաղորդագրության համաձայն, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ - ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում», - ասել է նա:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:

Սարգսյանը և Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, հանդիպման մասնակիցները քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են արդյունաբերական և հումանիտար համագործակցությանը:

Նախօրեին Դմիտրի Մեդվեդևի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում Հայաստանի վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG