Մատչելիության հղումներ

Սոչիում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Մինսկում, 31-ը մայիսի, 2013թ․
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Մինսկում, 31-ը մայիսի, 2013թ․

Հանդիպումից առաջ տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Մաքսային միությանը միանալու նախատեսված միջոցառումների կեսը Հայաստանը արդեն կատարել է:

Երկուշաբթի օրը Սոչում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ ռուսական կողմը Սարգսյանին հրավիրել է Սոչի՝ ներկա գտնվելու ձմեռային Օլիմպիադայի փակման արարողությանը, որը անցկացվեց կիրակի օրը, իսկ հաջորդ օրը կայանալու է երկու վարչապետների հանդիպումը:

Փետրվարի 22-ին Երևանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման օրակարգի առաջնահերթ հարցերը:

«Առաջին հերթին, դրանք հարցեր են՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ, ինչպես նաև Հայկական ատոմակայանի վարկավորման հարցերը՝ երկարաձգելու գործող էներգաբլոկի շահագործման ժամկետները և բարձրացնելու անվտանգության մակարդակը, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հարցերը», - թվարկել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ Ռուսաստանի իր գործընկերը ամբողջովին հասկանում է այն բոլոր խնդիրները, որ կան Հայաստանի առջև:

Հարցազրույցում Տիգրան Սարգսյանը ասել է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու ամենակարևոր խնդիրը մաքսատուրքերն են, քանի որ Մաքսային միության անդամ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում մի շարք ապրանքների մաքսատուրքերը ավելի բարձր են, քան Հայաստանում:

Ինչ վերաբերում է անդամակցության գործընթացին՝ Տիգրան Սարգսյանը ասել է, թե հայկական կողմը արդեն մշակել է պայմանագիրը, որը պետք է իրավաբանական փորձաքննություն անցնի: Նա նաև հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում Հայաստանից պատվիրակություն է մեկնելու Մոսկվա, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայայի նախագահությամբ տեղի է ունենալու աշխատանքային մեծ խմբի հանդիպում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերով:

Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ Մաքսային միությանը միանալու նախատեսված միջոցառումների կեսը երկիրը արդեն կատարել է:

Անցած ուրբաթ Երևանում կայացել է Հայաստանի անդամակցության հարցերով աշխատանքային մեծ խմբի հանդիպում, որտեղ ընդգրկված են Հայաստանից 8 ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչները: Այս խմբի ղեկավար Տատյանա Վալովայան նույնպես ռուսաստանցի փորձագետների հետ մասնակցել է հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը, երբ Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, այնուհետև՝ Եվրասիական միությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն ռուսական մամուլին ասում էր, թե Հայաստանի համար նպատակահարմար չէ անդամակցել Մաքսային միությանը, քանի որ երկիրը ընդհանուր սահմաններ չունի այդ կառույցում ընդգրկված Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ: Իսկ ռուս պաշտոնյաները Հայաստանը համեմատում էին Ռուսաստանի էքսկլավ Կալինինգրադի մարզի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG