Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Եվրասիական միության պայմանագրի պատրաստման ժամկետները պետք է պահպանվեն»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում, 8-ը փետրվարի, 2014թ․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում, 8-ը փետրվարի, 2014թ․

«Մարդիկ մտավախություն և կասկածներ ունեն, որ մենք այս նախագիծը կկտապալենք», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Մաքսային միության անդամ երկրներից մեկի` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ կարևոր է համարում Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախապատրաստման ժամկետները պահպանելը: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Մինսկում` հանդիպելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների հետ:

Լուկաշենկոն նշել է, որ կան սահմանված կոնկրետ վերջնաժամկետներ, և խիստ ցանկալի է դրանք չխախտել: Դա շատ կարևոր է, ըստ Լուկաշենկոյի, քանի որ ժամանակին, երբ Բելառուսի և Ռուսաստանի միության ու հատկապես ԱՊՀ-ի ստեղծման աշխատանքներն էին ընթանում, մարդիկ մեծ ակնկալիքներ ունեին, սակայն իրենք ժողովուրդների ակնկալիքները չեն արդարացրել: «Այդ պատճառով մարդիկ այժմ մտավախություն և կասկածներ ունեն, որ մենք այս նախագիծը կկտապալենք», - հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, - «Եթե մենք հետաձգենք ժամկետները կամ տապալենք վերջնաժամկետները, ժողովուրդների տրամադրությունը կվատանա՝ ոչ միայն Բելառուսում, այլ նաև Ռուսաստանում և Ղազախստանում»:

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պետք է պատրաստ լինի 2014 թվականի մայիսի 1-ին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից արդեն Եվրասիական տնտեսական միությունը պետք է գործի:

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել նաև լսել հնարավոր թերությունների մասին և հայտարարել է, որ եթե Բելառուսն է դրանց պատճառը, ապա իրենք պատրաստ են թերությունները շտկել:

Բելառուսի նախագահը չի բացառել, որ ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությունը հետագայում կարող է վերաճել ավելի լայն մի կառույցի: Առավել ևս, շեշտել է Լուկաշենկոն, որ արդեն գոյություն ունեցող Մաքսային միությունը քաղաքական և ինչու չէ՝ նաև ռազմաքաղաքական առումով հիմնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վրա, և այդ պատճառով թերևս մնում է միայն մի օր ամեն ինչ միավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG