Մատչելիության հղումներ

Մետրոյի արդեն նախկին երեք աշխատակիցները կդիմեն դատարան


Մետրոյի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը (ձախից) և Անդրանիկ Գևորգյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 15-ը փետրվարի, 2014թ․
Մետրոյի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը (ձախից) և Անդրանիկ Գևորգյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 15-ը փետրվարի, 2014թ․

«Այնպես ստացվեց, որ մարդ եթե պաշտպանում է իր իրավունքները, նրա դեմ դուրս են գալիս այս կեղտոտ մեթոդներով», - ընդգծում է «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամը:

Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցները, որոնք 15 տարի այս կառույցում աշխատելուց հետո, առանց նախազգուշացման, նախկինում չունենալով որևէ գրավոր նկատողություն, նախօրեին ազատվեցին աշխատանքից, կդիմեն դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Շաբաթ օրը այդ մասին լրագրողներին հայտնեցին մետրոյի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գևորգյանը:

Նրանք փոխանցեցին, որ հիմա իրենց մյուս ընկերը՝ Սևակ Հովհաննիսյանը զբաղվում է այդ հարցերով: «Օգնողները շատ են, պատրաստվում ենք դատական հայցով հանդես գալ, մեր իրավունքները վերականգնել», - ասաց Անդրանիկ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ հենց այս մարդիկ աշխատանքից ազատվելուց երկու օր առաջ մասնակցել էին Մետրոպոլիտենի վարչական շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որի նպատակն էր գործատուից պահանջել հունվարի աշխատավարձից պարտադիր կուտակայինի համար պահված փողերը:

Թեպետ Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում այս ամենը որակել է զուգադիպություն՝ ասելով, թե ղեկավարությունը դժգոհ է եղել փորձառու աշխատողների աշխատանքից, այդուհանդերձ, արդեն գործազուրկ Գալստյանը, Գևորգյանն ու Հովհաննիսյանը վստահ են, որ աշխատանքից ազատվել են բողոքի ակցիայի պատճառով:

«Մեղադրում են մեզ որպես կազմակերպիչ, որպես լրագրողներին հրավիրող, «Դեմ ենք» կազմակերպությանը կանչող, որ մենք «Դեմ»-ին ընդամենը երկու օր է, որ նորմալ ճանաչում ենք, նոր կարողանում ենք շփվենք՝ այս դեպքից հետո», - ասաց Գագիկ Գալստյանը:

Ի դեպ, երկու օր առաջ «Ազատություն» ռադիոկայանը ահազանգ էր ստացել այն մասին, որ բողոքի մասնակիցները աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստանում: Մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ էլեկտրամեխանիկայի մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը «Ազատությանը» արգելեց զրուցել աշխատակիցների հետ՝ վստահեցնելով, թե աշխատանքից ազատելու մասին լուրերը սուտ են: Սակայն հենց հաջորդ օրը այդ նույն անձի միջամտությամբ մետրոյի երեք աշխատողները ազատվեցին աշխատանքից:

«Հենց ակցիայից կես ժամ հետո մեզ հրավիրել են տնօրինության մոտ՝ փոխտնօրենի մոտ: Սամվել Մնացականյանը մեր պետն է՝ ինքն է անվստահություն հայտնել, զեկուցագիրը ընդհանրապես ինքն է ներկայացնում, ինքը միջամտել է: Ձեր գալու կապակցությամբ նորից թեմա եղավ, որ «էլի դուք եք կանչել», ասում եմ՝ «մենք Մետրոպոլիտենում նստած, ներքևը, իսկի տեղյակ էլ չէինք», ասում է՝ «բա ոնց եղավ, որ եկան, հենց ձեզ հարցրեցին», ասում եմ՝ «ճշտեք՝ ով է եղել», - պատմեց Սամվել Հովհաննիսյանը:

Ի դեպ, Մետրոպոլիտենի արհմիությունը մինչ օրս ոչ մի կերպ չի արձագանքել այս երևույթին:

«Այս վախի մթնոլորտին պետք է վերջ տրվի»


«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամներ Գևորգ Գեորգիսյանն ու Դավիթ Մանուկյանը վստահ են, որ Մետրոպոլիտենի նախկին աշխատողների հետ տեղի ունեցածը պարզապես մարդու իրավունքների ոտնահարում է:

«Փաստորեն, մեր երկրում այնպես ստացվեց, որ մարդ եթե պաշտպանում է իր իրավունքները, եթե մարդ այնքան գիտակից է, որ իր իրավունքների պաշտպանության համար դուրս է գալիս պայքարի, նրա դեմ դուրս են գալիս այս կեղտոտ մեթոդներով», - ասաց Գեորգիսյանը:

«Մենք սա որակում ենք որպես ճնշում՝ կոնկրետ ճնշում այն մարդկանց հանդեպ, ովքեր ոտքի են ելել ընդամենը իրենց իրավունքները պաշտպանելու՝ ոչինչ ավելին, ոչ մի օրինախախտ գործողություն չեն կատարել, և մյուս կողմից՝ նաև այս կերպ, սպառնալիքով ցանկանում են մյուսներին, ովքեր դեռևս դուրս չեն եկել բողոքի, բայց կարող են դուրս գալ, ցույց տալ, որ «բողոքի դուրս գալու դեպքում՝ ձեր իրավունքների պաշտպանության, սպառնալիք կա, որ դուք էլ կզրկվեք աշխատանքից»: Այս վախի մթնոլորտին պիտի մեր հանրապետությունում վերջ տրվի», - հայտարարեց Մանուկյանը:

Ուրբաթ օրը «Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ կքննարկեն նախաձեռնության հետ այս մարդկանց աջակցություն ցուցաբերելու քայլերը: Նախքան քննարկումը, սակայն, «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել նրանց:

«Մենք կազմակերպություն չենք, չունենք հիմնարկություն, բյուջե, բայց մենք ունենք լավ ընկերներ, բարի մարդիկ, քաղաքացիներ, ովքեր ասում են՝ «ես այս հարցով կարող եմ ձեզ օգնել», իր մասնագիտականով, փաստաբան է, ասում է՝ «ես կարող եմ ձեզ աջակցել, վերցնել և այդ գործը տանել»: Մենք ունենք փաստաբան, որը պատրաստ է հանձն առնել այս գործով դատական հայցով մտնել դատարան և պաշտպանել այս մարդկանց իրավունքները, այն դեպքում, երբ աշխատակիցները կհայտնեն այդ ցանկությունը, որ այդ փաստաբանի կարիքն ունեն, որովետև գուցե իրենք էլ փաստաբան ունեն: Ով աջակցի՝ շնորհակալություն նրան», - նշեց Դավիթ Մանուկյանը՝ շարունակելով․ - «Նաև երեկվա մեր տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է աջակցություն ցուցաբերել: Մենք առաջարկել էինք՝ եկեք սկսենք քաղաքացիական հանգանակություն»:

Հիշեցնենք, որ այս շաբաթ բողոքի ակցիայի դուրս եկան նաև երկաթուղայիններն ու էլեկտրական ցանցերի աշխատակիցները: Վերջիններս «Ազատության» հետ հեռախոսազրույցներում ասացին, որ դեռևս աշխատանքից հեռացման սպառնալիքներ չեն ստացել:

Վերադառնալով Մետրոպոլիտենի աշխատանքից ազատված աշխատակիցներին՝ տեղեկացնենք, որ նրանք սոցիալապես ապահովված մարդիկ չեն և ապրում էին Մետրոպոլիտենի ոչ բարձր աշխատավարձով: Գագիկ Գալստյանը ունի երկու, իսկ Սևակ Հովհաննիսյանը՝ չորս անչափահաս երեխա, և նրանք ընտանիքի միակ աշխատողներն էին:

Այս մարդիկ, փաստորեն, կլինեն դատարան դիմող առաջին հայցատուները, որոնք իրենց գործատուից պարտադիր կուտակայինի համար պահված աշխատավարձը պահանջելու պատճառով զրկվեցին աշխատանքից:

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնությունը այսօր նաև հայտարարեց, որ կաջակցի, կխրախուսի բոլոր այն գործատուներին, որոնք իրենց աշխատողների կողքին կկանգնեն: Եվ հենց այսօր նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որի ղեկավար Նարինե Թուխիկյանը պարտադիր կուտակայինի պահումներ չի կատարել աշխատողների հունվար ամսվա աշխատավարձից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG