Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական պատգամավոր. Մարդկանց գրպանին խփում ենք մարդկանց համար


Հակոբ Հակոբյան
Հակոբ Հակոբյան
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարելի է ասել խոստովանեց, որ պարտադիր կուտակային համակարգը ներդնելով իշխանությունը փորձում է պետբյուջեն լցնել։

«Որպեսզի կենսաթոշակը կարողանայինք բարձրացնել, ունեինք հիմնականում մեկ ճանապարհ՝ բարձրացնել հարկերը։ Հիմա դուք կամ այն քաղաքացիները, ովքեր այսօր բողոքում են 5000 դրամի համար, համաձա՞յն կլինեին, որ մենք այդ 5000 դրամը հարկի տեսքով տանեինք՝ իր ծնողի կենսաթոշակը բարձրացնելու համար։ Չէին լինի, էլի կբողոքեին։ Մենք խուսափել ենք հարկերը բարձրացնելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հակոբյանը։

Պարզվում է՝ քաղաքացիների աշխատավարձերից պահված գումարներով, որը ըստ Հակոբ Հակոբյանի տվյալների, կազմում է մոտ 150 միլիոն դոլար, իշխանությունները նպատակ ունեն նաև տնտեսությունը աշխուժացնել, ավելին՝ նոր աշխատատեղեր ստեղծել:

«Գումարները կներդրվեն երկրում, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, գումարները կծախսվեն երկրում՝ տնտեսությունը զարգացնելու համար։ Ուզում ենք ինչ-որ բան կառուցել և այդ գումարը մենք չունենք, ստեղից կվերցնենք, կկառուցենք»,- օրինակ բերեց պատգամավորը։

Մինչ իշխանությունները բազմաթիվ հարկերից բացի, քաղաքացու աշխատավարձից պարտադիր պահումներ անելով նպատակ ունեն նոր աշխատատեղեր ստեղծել, աշխատավարձի զգալի մասից զրկված քաղաքացիները բարձրաձայնում են, որ իշխանությունը այդ կերպ ավելի է վատացնում աշխատող մարդու սոցիալական վիճակը:

Չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, այս տարվա հունվարից բազմաթիվ քաղաքացիներ պակաս աշխատավարձ են ստացել, ինչի արդյունքում Օպերային թատրոնի դերասանները գործադուլ արեցին՝ տապալելով «Անուշի» բեմադրությունը: Գործադուլի դիմեցին նաև երկաթուղայիները, բողոքի ցույցեր կազմակերպեցին Մետրոպոլիտենի և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցները: Մարդիկ ասում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ անելով` կառավարությունն իրենց աղքատության գիրկն է ուղարկում:

Մինչդեռ հանրապետական պատգամավորը վստահ է՝ 5 կամ 10 հազար դրամ պահելով աղքատությունը չի մեծանա:

«Մեկը մեկի հետ կապել և արդարացնել, թե այսօր 10 հազար դրամ վերցնելով դուք աղքատություն եք սարքում երկրում, ո՛չ, այդ աղքատության դեմ առաջինը պետությունն է պայքարում՝ միլիարդներ ծախսելով հանդերձ»,- ասաց Հակոբ Հակոբյանը։

Հակոբ Հակոբյանը ընդունում է, որ պարտադիր կուտակային համակարգի միջոցով իշխանությունը խփել է մարդկանց գրպանին, բայց պարզվում է դա արել ի շահ մարդկանց:

«Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեզ համար, այլ մարդկանց համար, այդ դեպքում պետք է ասենք, որ պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև պետական բյուջեից էլ հավասար փող ենք տալիս մարդկանց, և դա նրա համար, որ մարդիկ կարողանան իրենց ծերությունը ապահով անցկացնել»,- ասաց Հակոբյանը։

Քանի որ Հակոբ Հակոբյանը խիստ գոհ էր պարտադիր կուտակային համակարգից՝ պնդելով, թե դրա միջոցով քաղաքացիները ապահով ծերություն կունենան, լրագրողները հարցրեցին, որ եթե դա այդքան լավ բան է, ինչո՞ւ ինքը ժամանակին կամավոր չի միացել այդ համակարգին:

«Ես ոչ թե չեմ վստահել, ես դեռևս չեմ մտածել իմ կենսաթոշակի ապահովության մասին, երբ կդառնամ 63 տարեկան, կստանամ պայմանական 40 հազար դրամ, նոր կփոշմանեմ»,- ասաց նա։

Ի դեպ, չնայած պարտադիր կուտակային համակարգի դեմ դժգոհության մեծ ալիքին, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն ասում է՝ համաձայն չէ այն պնդման հետ, թե հասարակության մեծ մասը դեմ է պարտադիր կուտակումներին, ավելին՝ Հակոբյանի համոզմամբ՝ այս համակարգի շնորհիվ մի շատ լավ բան տեղի ունեցավ:

«Լավ շատ բան եղավ, որը դուք կամ չեք տեսնում, կամ չեք ուզում տեսնել. Բոլոր գործատուները ներքին կարգով փորձում են յուրաքանչյուրը ինչ-որ չափով բարձրացնելու և փոխհատուցելու այդ հինգ տոկոս պարտադիր վճարումները։ Սա, ես կարծում եմ, շատ լավ նախադեպ է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
XS
SM
MD
LG