Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հարցը լրջորեն կքննարկվի


Ռուսաստան - Վրաստանի պատվիրակությունը Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, 7-ը փետրվարի, 2014թ․
Ռուսաստան - Վրաստանի պատվիրակությունը Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, 7-ը փետրվարի, 2014թ․

Վրացական կողմի համար ամենակարևորը այդ հանդիպման արդյունավետությունն է լինելու:

Պաշտոնական Թբիլիսին ու Մոսկվան պատրաստվում են լրջորեն քննարկել նախագահներ Պուտինի և Մարգվելաշվիլիի հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այդ մասին չորեքշաբթի օրը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ մենք կհանդիպենք մարտի սկզբին: Բանակցությունների ընթացքում ելնելու ենք առկա իրողություններից` առանց ամպագոռգոռ հայտարարությունների և անտեղի պատրանքների: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի և Վրաստանի վարչապետի վերջին հայտարարությունները` կքննարկենք նաև նախագահների հնարավոր հանդիպման շատ կարևոր հարցը», - նշել է Կարասինը:

Հիշեցնենք՝ վերջին երեք օրերին սկզբում Վլադիմիր Պուտինը, ապա նաև Վրաստանի ղեկավարները մեկը մյուսի ետևից չբացառեցին բարձր մակարդակում վրաց - ռուսական բանակցությունների հավանականությունը:

Վրաստանի վարչապետի` Մոսկվայի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն երեկ վրաց լրագրողների հետ զրույցում խորհուրդ էր տալիս չշտապել և հեռուն գնացող վաղաժամ կանխատեսումներ չանել:

«Նախևառաջ հարկավոր է շատ լուրջ նախապատրաստական աշխատանք իրականացնել: Այլ դետալներ նշել չեմ կարող: Միայն կարող եմ հավելել, որ մեր կողմից ևս հաստատվել է հանդիպելու պատրաստակամությունը: Վրացական կողմի համար, սակայն, ամենակարևորը այդ հանդիպման արդյունավետությունն է լինելու: Ինքնանպատակ հանդիպման կազմակերպումը մեզ համար ընդունելի չէ», - հայտարարում էր Զուրաբ Աբաշիձեն:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի կարծիքով էլ՝ Պուտին - Մարգվելաշվիլի հանդիպումը բխում է երկկողմ հարաբերությունների ներկա տրամաբանությունից:

«Ես երբեք չեմ բացառել նման հանդիպման հավանականությունը` այն պահից ի վեր, երբ մենք սկսեցինք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը: Դրա հետ մեկտեղ, պետք է հստակորեն ըմբռնել, որ այդ հանդիպման կազմակերպումը բավական շատ ժամանակ ու ջանք է պահանջելու: Նախագահների հանդիպումը այսօր կամ վաղը կայանալ չի կարող: Եթե մենք սկսենք աշխատել այդ ուղղությամբ, դրան պետք է կոնկրետ արդյունքներ հետևեն: Վրաստանի ղեկավարությունը, սակայն, նման հանդիպմանը պատրաստ է», - հայտարարել է Փանջիկիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG