Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի կինն ահազանգում է անչափահաս որդու նկատմամբ ճնշումների մասին


Շանթ Հարությունյանի կինն ահազանգում է անչափահաս որդու նկատմամբ ճնշումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանն ահազանգում է իր ընտանիքի ևանչափահաս որդու նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նա իրավապաշտպան կազմակերպություններին ու արևմտյան դիվանագիտական կառույցներին կոչ արեց ուշադրության կենտրոնում պահել նոյեմբերի 5-ից ի վեր իրենց ընտանիքի դեմ, իր խոսքերով, ահագնացող սպառնալիքների երևույթը և թույլ չտալ, որպեսզի հոր քաղաքական հայացքների պատճառով «ոչնչացնեն զավակին»։

Մտահոգության առիթը վերջին ամիսներին տեղի ունեցած մի քանի կասկածելի միջադեպերն են։ Նախ որդուն հետևել են մգեցված ապակիներով «Մերսեդես» մակնիշի մեքենայով ինչ-որ անձինք, որոնք այդպես էլ չեն պարզվել։ Հետո դեկտեմբերի 30-ին Շահեն Հարությունյանը թռուցիկներ բաժանելիս մետրոյի «Բարեկամություն» կայարանում բռնության է ենթարկվել ոմն Աշոտի կողմից, ով Ռուզան Բադալյանի խորին համոզմամբ՝ քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել, բայց ոստիկիանությունը համառորեն հերքում է, միաժամանակ չբացահայտելով Շահենին ծեծողի անձը։ Դրան գումարած Շահեն Հարությունյանին հունվարին հաշվառել են ոստիկանությունում, ընդ որում ըստ Ռուզան Բադալյանի, նրանով զբաղվող իրավապահները նախօրեին ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով։

«Հունվարի 8-ից մեզ մի քանի անգամ կանչեցին և ասացին, որ հաշվառելու են, պարբերաբար կանչելու են ոստիկանություն, որպեսզի, այսպես ասած՝ «դաստիարակչական» գործերով զբաղվեն... այն մարդիկ, ովքեր այսօր կաշառակերության համար նստած են, շատ հետաքրքիր է՝ նույն երկուսը երեկ երեկոյան՝ Ֆելիքս Մկրտչյան և Սամվել Հակոբյան, որոնք պետք է զբաղվեին որդուս «դաստիարակությամբ»,- ասաց Բադալյանը։

Շանթ Հարությունյանի շուրջ լարվածությունը, Բադալյանի համոզմամբ, տեղափոխվել է դպրոց։ Օրերս մի աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել 15-ամյա Շահեն Հարությունյանի և թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրաչ Գրիգորյանի միջև։ Միջադեպով այժմ զբաղվում է ոստիկանությունը։

Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում և մեզ հետ զրույցում պնդում է պատանին, ուսուցիչը նախ իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, հետո փորձել է ծեծել այն բանից հետո, երբ ինքը կասկածի տակ է դրել Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար։

«Մեզ ասում է, որ այն ֆիդայիները, որ զոհվել են հանուն հայրենիքի, հանուն անկախության՝ անիմաստ է եղել։ Ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստանի չի կարող լինել։ Ես իր հետ վիճում եմ, ինքն ինձ ասում է՝ «դու հոգեկան խնդիրներ ունես»։ Իսկ ես ասացի՝ «ավելի լավ է հիվանդ լինեմ, քան ձեր նման ստրուկ»: Ասացի ու հեռացա»,- պատմեց Շահեն Հարությունյանը։

Լարվածությունը շարունակվել է հաջորդ դասին. հիմնը երգելու ժամանակ մյուս աշակերտների հետ ծիծաղելու համար, պատանու պնդմամբ, մայորն իրեն անձնական վիրավորանքներ է հասցրել և սպառնացելէ ոտքի տակ տալ։ Ինքն էլ փորձել է պաշտպանել իր արժանապատվությանը, ուսուցիչը շարունակել է վիրավորել, ինքն էլ պատասխանել է։

«Կրծքավանդակիս հարվածեց, ես հետ-հետ գնացի, մի անգամ էլ հարվածեց, ես ոտքով հարվածեցի իրեն, վերարկուիցս բռնեց, որ նորից խփի, էդ ժամանակ աթոռով հարվածեցի իրեն»,- ասաց Հարությունյանը։

Ռուզան Բադալյանը համոզված է, որ որդուն դպրոցում ուղղորդված հետապնդել են, նա էլ դիմել է ինքնապաշտպանության։

«Ուսուցիչն իրավունք չուներ դպրոցում քաղաքական քարոզչությամբ զբաղվելու, առավել ևս՝ երեխային ներքաշելու քաղաքական այնպիսի թեմայի մեջ, որն առնչվում է նրա հոր հետ։ Դեպքերի նկարագրությունը բերում է նրան, որ մայորն ուղղորդված փորձել է հավասարակշռությունից հանել որդուս երկու դասաժամի ընթացքում»,- հայտարարեց նա։

Մայոր Հրաչ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդում էր, որ ինքը չի վիրավորել Շահեն Հարությունյանին, դասի ժամանակ քարոզչությամբ չի զբաղվել, Ռուսաստանի մասին զրույցը եղել է դասամիջոցին ու այլ բովանդակությամբ։

«Համարյա դասը վերջացել էր։ Միջանցքում ինձ հարցրեց՝ ինչո՞ւ եվրաինտեգրում չենք մտնում, ես նրան պատասխանել եմ, որ քանի որ մեր անվտանգության մեծ մասը պահպանում է Ռուսաստանը, մենք պարտավոր ենք լինել ռուսական ինտեգրման մեջ։ Ինքը շատ էր վրդովված, ես իրեն կանչեցի քարտեզի մոտ, ասացի, որ մեր սահմանները պահպանում են ռուսական զորքերը, ինքը շատ վատ տարավ»,- ասաց Գրիգորյանը։

Կոնֆլիկտը, ուսուցչի հավաստմամբ, հաջորդ դասին է եղել, երբ ինքը դիտողություն է արել հիմնը հնչեցնելու ժամանակ խանգարելու համար։

«Քանի որ արդեն լարված վիճակ էր, ասաց՝ «էշ-էշ խոսում ես»։ Ասի՝ Շահեն ինձ հետ ես՞, բա՝ հա, ձեռքով բռնել եմ նրա որովայնից, ասել՝ ուշքի արի տղա, գնաց՝ 5-6 մետր հեռու, աթոռ կար, աթոռը շպրտեց դեպի ինձ։ Ես չեմ էլ իմացել, որ ինքը Շանթ Հարությունյանի երեխեն է, իմ համար բոլորը հավասար են։ Հետո կողքի ընկերն է ասել՝ ընկեր Գրիգորյան պապան նստած է, ասի՝ ինչի՞ համար է նստել, ասաց՝ բա չգիտե՞ք, ինքը Շանթի տղան է... Մնացի շշմած»,- ասաց ուսուցիչը։

Շահեն Հարությունյանի համադասարանցիներից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին պատանու պնդումները։

Դպրոցի տնօրենը ձեռնպահ է մեկնաբանություններից մինչ ոստիկանության եզրակացությունը։ Ռուզան Բադալյանի պահանջում է անաչառ քննություն՝ կասկած հայտելով, որ սա հերթական ճնշումն է որդու նկատմամբ։

«Պահանջում եմ բացահայտել նաև, թե ինչպես է մեր կրթական համակարգը հանդուրժում հակապետական, ապազգային, բարոյազուրկ այսպիսի երևույթ մի հաստատությունում, որտեղ կրթվում են ապագա սերունդները։ Հակառակ պարագայում մնում է կարծել, որ այդ վայ մայորն ու վայ ուսուցիչը կատարել է հստակ հանձնարարություն»,- նշված է Շանթ Հարությունյանի կնոջ հայտարարության մեջ։
XS
SM
MD
LG