Մատչելիության հղումներ

Էրդողանը՝ նոր սկանդալի կիզակետում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետի կողմից գրաքննության մասին վկայող ձայնագրություն:

Թուրքիայի վարչապետի քաղաքական կենսագրության ամենադժվարին ձմեռը շարունակվում է: Շաբաթասկզբին «Արդարություն և զարգացում» կուսակցության և թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Էրդողանը հայտնվեց նոր սկանդալային պատմության կիզակետում: Եթե մինչ այժմ նրան և նրա թիմակիցներին մեղադրում էին զուտ տնտեսական, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ, ապա այժմ խոսում են Էրդողանի կողմից մամուլում գրաքննության կոնկրետ դեպքի մասին:

Երկու օր առաջ համացանցում ձայնագրություն հայտնվեց, որում հեշտությամբ կարելի է ճանաչել Էրդողանի ձայնը: Գաղտնալսված խոսակցության ձայնագրությունը YouTube-ում տեղադրած օգտատերը պնդում է, որ դա թուրքական կառավարության ղեկավարի և երկրի խոշորագույն հեռուստաալիքներից մեկի` Haberturk-ի սեփականատեր ընկերության` Ciner Media Group-ի փոխնախագահ Ֆաթիհ Սառաչի միջև անցած տարվա հունիսի 4-ին կայացած հեռախոսազրույցն է:

Ձայնագրության մեջ հստակ լսվում է, թե ինչպես է այդ պահին պաշտոնական այցով Մարոկոյում գտնվող վարչապետ Էրդողանը մասնավոր հեռաուստաընկերության ղեկավարներից մեկին առարկությունները բացառող տոնով հրահանգում եթերից հեռացնել ընդդիմության ղեկավարներից մեկի` «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարությունների մասին սյուժեն:

«Ես շատ զարմացած եմ: Ի՞նչ կարիք կա նման բաներ հեռարձակել», - տարակուսում է վարչապետը, ինչին ի պատասխան Ֆաթիհ Սառաչը ոչ միայն չի առարկում, այլև խոստանում է անհապաղ շտկել սխալը:

Այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնում անցած ամռանը ծավալված կատաղի բախումների ժամանակ: Էրդողանի դժգոհությունն առաջացրած ելույթում էլ Դևլեթ Բահչելին կոչ էր անում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին միջամտել և հանգուցալուծել Գեզի զբոսայգու շուրջ ստեղծված կացությունը:

Թուրքական ընդդիմությունը, մասնավորաբար՝ ազգայնականները, արդեն իսկ հայտարարել է, թե տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքական մամուլը հայտնվել է Էրդողանի կառավարության աննախադեպ ճնշման ներքո:

Ինքը վարչապետ Էրդողանը, Գերմանիայից վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցելով լրագրողների հետ, ասել է․ - «Իմ տանն իրականացված անօրինական գաղտնի ձայնագրությունները պարզ լրտեսություն են: Մենք համապատասխան քայլերը ձեռնարկեցինք այդ ուղղությամբ և կցված ապացույցներով մի դիմում ուղարկեցինք Անկարայի դատախազությունը: Բայց նույնիսկ այդ դեպքում տեղեկատվական արտահոսքից խուսափել մեզ չհաջողվեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG