Մատչելիության հղումներ

Մոսկովյան անկախ կաբելային լրատվական ալիքի աշխատանքը վտանգված է


 "Дождь" հեռուստաընկերության մոսկովյան ստուդիայում, 4-ը փետրվարի, 2014թ․
"Дождь" հեռուստաընկերության մոսկովյան ստուդիայում, 4-ը փետրվարի, 2014թ․
Մոսկովյան ամենահայտնի անկախ կաբելային լրատվական ալիքը` "Дождь"-ը, մեկ շաբաթում զրկվեց իր հեռուստադիտողների 85 տոկոսից: Պատճառը կաբելային ցանցերի օպերատորների գրեթե միաժամանակյա որոշումն էր` դադարեցնել համագործակցությունը "Дождь"-ի հետ:

Հեռուստաընկերության շուրջ իրադարձությունները սկսեցին սրընթաց զարգանալ այն բանից հետո, երբ Լենինգրադի շրջափակումը ճեղքելու 70-ամյակի օրը "Дождь"-ը վիճահարույց մի հարցում կազմակերպեց, փորձելով իր հեռուստադիտողներից պարզել` գուցե ավելի լավ կլիներ 1941 թվականին հանձնե՞լ քաղաքը գերմանական զորքերին` քաղաքացիական բնակչության շրջանում մեծաքանակ զոհերից խուսափելու համար: Այս հարցը ռուսաստանցիներից շատերը անթույլատրելի որակեցին, "Дождь"-ի ղեկավարությունը նույն օրը պաշտոնապես ներողություն խնդրեց պատերազմի զոհերի հիշատակը ոտնահարող ոչ կոռեկտ հարցի համար:

"Дождь"-ը, սակայն, այս հարցի համար կարծես բավական թանկ գին է վճարելու: Դաշնային ծածկույթ ունեցող առաջատար կաբելային ցանցերին, որոնք արդեն իսկ խզել են պայմանագրերը, շաբաթասկզբին միացավ նաև արբանյակային հեռուստատեսության խոշորագույն ռուսաստանյան օպերատորը` «Տրիկոլոր ԹիՎի»-ն:

«Մեծ թվով բաժանորդներից մեզ անջատելը և այն հանգամանքը, որ մենք կորցրել են մեր տեխնիկական ծածկույթի 80 տոկոսը, ըստ էության, նշանակում է, որ մեզ որպես հեռուստատեսություն փակում են: Մենք այլևս չենք կարող գումար վաստակել հեռուստատեսային գովազդի վաճառքի միջոցով, ինչը նշանակում է, որ մենք այլևս հեռուստատեսություն չենք», - հայտարարում էր "Дождь"-ի սեփականատեր Ալեքսանդր Վինոկուրովը:

Ստեղծված իրավիճակում, սակայն, հեռուստատեսության ղեկավարները չեն ցանկանում սրել իրադրությունը` կաբելային ցանցերի օպերատորներին համագործակցության նոր, իրենց համար ոչ այնքան ձեռնտու ձևաչափ առաջարկելով:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի ողջ 2014 թվականի ընթացքում Ռուսաստանում գործող կաբելային ցանցերի բոլոր օպերատորները անվճար հեռարձակեն մեր հաղորդումները և իրենք էլ սահմանեն գանձվող բաժանորդագրային վճարի չափը», - նշում էր Վինոկուրովը:

"Дождь"-ի հիմնադիրը, այնուհանդերձ, համոզված չէ, որ այս առաջարկը կաբելային օպերատորները կընդունեն, քանի որ, Վինոկուրովի համոզմամբ, նրանք համագործակցությունից հրաժարվելով ինքնուրույն չեն:

«Մենք միանշանակորեն հավատացած ենք` կաբելային օպերատորները սեփական կամքով չէ, որ հրաժարվում են համագործակցությունը շարունակելուց: Մենք համոզված ենք, որ օպերատորները այս որոշումը կայացնում են ճնշման տակ», - ասում էր "Дождь"-ի սեփականատերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG