Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են


Շփման գծում զոհված Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որը նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է զինվորի մորը, 28-ը հունվարի, 2014թ.
Շփման գծում զոհված Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որը նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է զինվորի մորը, 28-ը հունվարի, 2014թ.

Միջազգային ճգնաժամային խումբն անհանգստացած է։

Վաղը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի Ժակ Ֆորը և ռուսաստանցի Իգոր Պոպովը Երևանում պետք է բանակցեն Հայաստանի ղեկավարների հետ։

Նախօրեին նրանք Բաքվում էին, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ենթադրվում է, որ տարածաշրջանային այս այցի ընթացքում միջնորդները Լեռնային Ղարաբաղ չեն ուղևորվի։ Նրանց խիստ անհանգստացրել է հայ - ադրբեջանական շփման գծում վերջին ընդհարումների իրողությունը։

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը «Թրենդ» լրատվական գործակալությանը երեկ ասել է, որ ցանկացած կորուստ ողբերգություն է, որը հնարավոր է կանխել։

«Դժբախտաբար, վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը է՛լ ավելի է սրվել, և հետագա սրման հավանականությունը թերագնահատվում է», - ասել է տարիներ շարունակ միջնորդական առաքելության գործընթացում ներգրավված դիվանագետը և ավելացրել. - «Չնայած երկու կողմերի դաշտային հրամանատարները երաշխավորում էին, որ դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ չեն լինի և դիտորդների խմբի անվտանգությունը կապահովվի, այնուամենայնիվ, կրակ է բացվել»։

Կասպշիկի խոսքերով՝ ինքն անձամբ է եղել շփման գծում վիճակի սրման ականատեսը։ Նա ասել է «Թրենդ»-ին, որ այդ միջադեպերի համար երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում։

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում կողմերին հորդորել են անվերապահորեն կատարել հրադադարի պահանջը, նշելով, որ վերջին իրադարձությունները նվազեցնում են խաղաղ կարգավորման հնարավորությունները։

«Հրադադարի ռեժիմն ամրապնդելու շուրջ բանակցությունները շարունակվում են, և հարցն անպայման կլինի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում նախատեսված բանակցությունների օրակարգում», - ասել է Անջեյ Կասպշիկը։

Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ-ի ներկայիս գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը մտահոգություն է հայտնել հայ - ադրբեջանական սահմանին և զորամիավորումների շփման գծում զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

«Բուրկհալտերը կողմերին կոչ է արել օգտագործել համանախագահների այցը անմիջական շփումներ հաստատելու և լարվածությունը թուլացնելու համար», - ասել է Կասպշիկը։

Մինչդեռ, մտահոգություն է հայտնում նաև Միջազգային ճգնաժամային խումբը, որը նախօրեին հայ - ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող համառոտ զեկույցում լարվածության վտանգավոր սրում է արձանագրել։

«Հունվարի 20-ին շփման գծի տարբեր հատվածներում անսպասելիորեն սկսվել են լուրջ ընդհարումներ, երկու կողմերի պաշտոնյաների և մամուլի հայտարարություններում նկատելի է թշնամական հռետորություն», - ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի հաղորդագրությունում։

Ըստ այն կազմած փորձագետների, հունվարի 20-ի բախումների մանրամասները հայտնի չեն, հայկական կողմը պնդել է, որ ադրբեջանցիները փորձել են ճեղքել ռազմաճակատը, և խոստացել է վրեժ լուծել մեկ հայ զինվորի զոհի համար, Ադրբեջանը օդուժ է տեղակայել ռազմաճակատին հարող շրջաններում և պնդել է, թե հայերն են փորձել ճեղքել հսկողության թիվ մեկ գիծը, ինչի հետևանքով սպանվել է Ադրբեջանի բանակի մի կապիտան։

Հայկական կողմը հայտնել է Վրաստանի սահմանից ոչ հեռու տեղի ունեցած ընդհարման մասին, ադրբեջանցիները հունվարի 27-ին հաղորդել են մեկ այլ սպա կորցնելու մասին, հայերն էլ հայտնել են, որ հունվարի 28-ին մի շարքային է զոհվել ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից։

Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Մինսկի խմբի համանախագահներն անհանգստություն են հայտնել այդ զարգացումների կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG