Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ-ը չի կարող յուրաքանչյուր միջադեպի դեպքում առանձին հայտարարությամբ հանդես գալ»


Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի կարող սահմանին գրանցված յուրաքանչյուր միջադեպի դեպքում առանձին հայտարարությամբ հանդես գալ, ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերին, ասաց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«ՀԱՊԿ-ը պարբերաբար գլխավոր քարտուղարի շուրթերով անընդունելի է համարել և ուժի կիրառումը, և ուժ սպառնալիքի կիրառումը։ Ես չեմ կարող ամեն մի դեպքի մասով, ինչքան էլ ցավալի ու ողբերգական, դատապարտելի լինեն այդ դեպքերը, ակնկալել, որ գլխավոր քարտուղարը կամ ՀԱՊԿ-ը պետք է հայտարարություն անեն»,- ասաց Բաղդասարյանը։

ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանը երբեք չի թաքցրել, որ պաշտանում է Ադրբեջանի շահերը և Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում էլ խնդրել էր հստակեցնել, թե ինչպիսին է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այս պարագայում ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ խնդրահարույց հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի որոշումները կբխեն նաև Հայաստանի շահերից: Պատասխանելով այս հարցին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ չնայած ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, այն պետք է դիտարկել որպես ռազմաքաղքական դաշինք, որի առանցքում Ռուսաստանն է, որի հետ Հայաստանը ունի փոխադարձ աջակցության պայմանագրեր։

«Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ իրավապայմանագրային բազա անհրաժեշտության դեպքում փոխադարձ աջակցություն ցուցաբերելու մասին։ Բացի դրանից, չորս տարի առաջ ոչ միայն երկարաձգվեց Հայաստանում ռուսական բազայի գործողության ժամկետը, այլ նաև արձանագրեց, որ ՌԴ-ն ՀՀ Զինված ուժերի հետ միասին ապահովում է Հայաստանի անվտանգության ապահովումը և պետական սահմանների պաշտպանությունը»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ 2014-ին շուրջ 40 ռազմավարական ծրագրերի փաթեթ կա մշակված, որն իրականացնելու են Ռուսաստանի հետ, ստեղծվելու են մի քանի հայ-ռուսական խոշոր ենթակառուցվածներ: Դրանցից մեկն էլ Գեղարքունիքի Գագարին համայնքում «Հայռուսպետռեզերվ»-ն է, որտեղ պահվելու են ՌԴ-ի պետական պահուստները:

«Այդ պահուստները օգտագործվելու են տարածաշրջանում աղետների, արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական պահուստների համար, այսինքն այստեղ պահվելու է սնունդ, այդ սնունդի ժամկետը լրացավ, լրանալուն մոտ այդ սնունդը հանվելու է, տեղական շուկայում վաճառվելու է»,- ասաց Բաղդասարյանը։

Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է համագործակցել Եվրամիության հետ: Մասնավորապես, Եվրամիության տրամադրած 20 միլիոն եվրոյի դրամաշնորհով արդիականացվելու է հայ-վրացական սահմանը, 500 հազար եվրոյի շրջանակներում էլ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները:

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին Բաղդասարյանը նշեց.- «Կարո՞ղ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ առավել ակտիվ քաղաքական հարթակ։ Ես նման հավանականությունը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Բայց դա բոլոր դեպքերում նրա դիրքորոշումն է՝ հաշվի առնելով, որ այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»։
XS
SM
MD
LG