Մատչելիության հղումներ

Ոստիկանները հրմշտել են որդեկորույս մայրերին, բերման ենթարկել որոշ ակտիվիստների


Բանակի տոնին նվիրված համերգից առաջ «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստները երեկ հավաքվել էին Օպերային թատրոնի մոտ, որպեսզի դահլիճ մուտք գործող պաշտոնյաներին հիշեցնեն՝ բանակում ապօրինություններ են լինում, սպանություններ, հանցագործությունները չեն բացահայտվում:

Մշակութաբան Արա Նեդոլյանին ոստիկաններն անմիջապես բերման են ենթարկել։

«Բացատրել ենք, որ մենք եկել ենք հասարակական միջոցառմանը մասնակցելու, այդ շերտն էլ է իրականության մաս։ Հենց այդ պահին մեզ նետեցին մեքենա։ Որևէ բացատրություն բաժնում մեզ չտվեցին, առհասարակ ոչ ոք չէր խոսում, նստում էին, թղթեր էին լրացնում և իրենք ունեին շատ դժգոհ տեսք։ Գիտեին, որ պարզապես հրաման են կատարում։ Ազատությունը բացարձակապես ոտնահարված է»,- ասաց Նեդոլյանը։

Վարդգես Գասպարին նույնպես երեկ ոստիկանությունում է հայտնվել։ Ակտիվիստը պնդում է՝ իրենք մի քանի մետր հեռու էին կանգնած կարմիր գորգից, որով անցնելու էին պաշտոնյաները։

«Իմ պաստառի վրա գրված էր, որ 94 թվականից հետո՝ հրադադարից հետո, հակառակորդի գնդակից սպանվել է ավելի քան 2000 զինծառայող, դրա համար բանակի ոչ մի հրամանատար պատասխանատվության չի ենթարկվել։ Ոստիկանները մոտեցան և խնդրեցին, որ հեռանանք մեր կանգնած տեղից։ Մեկ-երկու անգամ ասացին ու հետո բերման ենթարկեցին՝ հարկադրանքի կիրառմամբ։ Մյուսներին թևերը բռնելով տարան, ինձ ինչպես միշտ, ձեռքերը, ոտքերը բռնած տարան»,- պատմեց ակտիվիստը։

Ոստիկանությունում Գասպարիին պարզաբանել են՝ անվտանգության նկատառումով են պահանջել հեռանալ տարածքից։ Նա, սակայն, տարակուսած է, տեղում հանգիստ կանգնած ի՞նչ վտանգ էր ներկայացնում: Գասպարին պատմում է, որ իրեն երեք ժամ պահել են բաժանմունքում, թեև փաստաթղթային բոլոր գործընթացները իրավապահներն ավարտվել րոպեների ընթացքում։

«Ոստիկանության վերաբերմունքն է դրանում արտահայտվում քաղաքացու նկատմամբ, որն անում է խաղաղ ցույց։ Կանխարգելիչ, պատժիչ գործողություն է»,- ասաց Գասպարին։

Ակտիվիստը պահանջել է իրեն տրամադրել արձանագրության պատճենը։ Ոստիկանությունում, սակայն, խոստացել են միայն դիմում գրելու դեպքում փոխանցել փաստաթուղթը։

«Երբ ասաց, որ մինչև ինձ չտաք այս փաստաթղթերի պատճենները, ես չեմ գնում, նույն կարգով՝ հարկադրանքի կիրառմամբ, նորից ինձ բարձրացրեցին, ձեռքերս, ոտքերս բռնած, դրեցին մի «Գազել», հետո ինձ դրեցին ցեխերի մեջ՝ փողոցում, ու հեռացան»,- ասաց Գասպարին։

Երեկվա ակցիայի ժամանակ ոստիկանների մեկ այլ խումբ էլ Մաշտոցի պողոտայի հատվածից խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին թույլ չէր տալիս մոտենալ Օպերայի շենքին: «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը գիտի ինչու են իրենց ակցիաները զայրացնում իշխանություններին. որդեկորույս մայրերը ծանր խոսքեր են հնչեցնում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, իրենց նախաձեռնությունը համակարգային փոփոխությունների պահանջ է դնում, բարձրաձայնում բանակային կոռուպցիայի մասին։

«Մեզ լռեցնել նրանց չի հաջողվում, բայց նրանք փորձում էին լռեցնել, հեռու պահել մարդկանց, որպեսզի հանկարծ տոնը չփչանա և հանկարծ իրենց գերագույն, գլխավոր հրամանատարի կամ մյուս հրամանատարների ականջները վատ չզգան իրենց, ինչ խղճով են մարդիկ տոնում»,- ասաց Նազարյանը։

Բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի քույրը ուշադրություն է հրավիրում, ոստիկանները հաշվի չեն առնում, որ ակցիայի մասնակիցը զավակին կորցրած մայր է։

«Հրմշտում էին, և ես հունից դուրս եկա, երբ աչքիս առաջ սկսեցին մորս հրմշտել։ Դրա բարոյական իրավունքը իրենք չունեն, և ես ասացի՝ գնացեք տուն և ձեր մայրերին պատմեք, որ դուք ձեր նման, բայց զոհված մի քանի զինծառայողների մայրերի հրել եք, տեսեք ձեր մայրերը ձեզ ինչ կասեն»,- ասաց Նազարյանը։
XS
SM
MD
LG