Մատչելիության հղումներ

Ֆրանսուա Օլանդը Ստամբուլում հանդիպել է Ռաքել Դինքի հետ


Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունում է Ֆրանսիայի նախագահին, 27-ը հունվարի, 2014թ․, Associated Press-ի լուսանկարը տրամադրել է «Ֆոտոլուր»-ը
Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունում է Ֆրանսիայի նախագահին, 27-ը հունվարի, 2014թ․, Associated Press-ի լուսանկարը տրամադրել է «Ֆոտոլուր»-ը
1915 իրադարձությունները Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարած պետական այցի նաև երկրորդ օրվա առանցքային թեմաներից էին: Երեկ Ֆրասնուա Օլանդը Անկարայից ժամանեց Ստամբուլ:

Թուրքիայի խոշորագույն այս քաղաքում, չնայած բավական հագեցած բանակցային օրակարգին, Օլանդը հանդիպեց «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի այրուն` Ռաքել Դինքին: Իսկ օրվա երկրորդ կեսին Օլանդին հյուրընկալեցին Ստմաբուլի խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկում` Գալաթասարայի համալսարանում:

Տեղի ընտրությունը պատահական չէր․ Գալաթասարայի համալսարանը Թուրքիայում գործող միակ այսպես կոչված ֆրանկոֆոն ուսումնական հաստատությունն է: Այն ստեղծվել է 1992 թվականին` Թուրքիայի և Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահների` Թուրգութ Օզալի և Ֆրանսուա Միտերանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Մոտ կես ժամ տևած ելույթում Օլանդը չշրջանցեց Հայոց ցեղասպանության թեման՝ միևնույն ժամանակ խուսափելով ոչ միայն «ցեղասպանություն» բառն արտաբերելուց, այլ ընդհանրապես հայերի մասին հիշատակելուց:

«Ես կցանկանայի հիշել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ այն, ինչ կատարվեց այդ տարիներին` կոտորած էր ու ողբերգություն: Ճիշտ է, Թուրքիան և Ֆրանսիան պատմական իրադարձությունների շուրջ բավական լուրջ տարաձայնություն են ունեցել: Դրա պատճառը երկար տարիների ընթացքում Փարիզի և Անկարայի միջև ազնիվ և անկեղծ երկխոսության բացակայությունն էր: Դուք գիտեք, թե Ֆրանսիան ինչ տեսակետ է որդեգրել այս հարցում, և ես որևէ բան չեմ ասի, որ կտարբերվի Փարիզում իմ հնչեցրած հայտարարություններից», - նշում էր Օլանդը`փաստորեն վերահաստատելով Ցեղասպանության խնդրի վերաբերյալ իր նախկին մոտեցումը:

Հիշեցնենք. թե' նախընտրական շրջանում, երբ Օլանդը սոցիալիստական կուսակցության առաջնորդն էր, և թե' նախագահ ընտրվելուց հետո, Ֆրանսուա Օլանդը մի քանի անգամ հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էին: Նա նաև նշել էր, թե կողմ է Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայի տարածքում քրեական պաստախանատվություն սահմանելու ևս մեկ օրինագծի շրջանառության գաղափարին:

Հայկական թեմաներից բացի, երեկ Ստամբուլում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը բավական մանրամասնորեն կանգ առավ նաև Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հեռանկերների վրա:

«Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները կարող են Թուրքիայի ժողովրդավարացման, օրենքի գերակայության հաստաման, ազատության և արդիականացման հավելյալ գործիք դառնալ: Դա է պատճառը, որ Ֆրանսիան կողմ հանդես եկավ մի շարք ոլորտներում բանակցային գործընթացի վերսկսման օգտին: Խոսքը, մասնավորաբար, օրենքի գերակայության և իշխանությունների տարանջատման մասին էր», -հիշեցրեց Օլանդը` միաժամանակ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին. - «Եկեք բանակցենք` առանց մտածելու, թե ինչ է լինելու վերջում»:

Ինչ վերաբերում է ֆրանս-թուրքական երկկողմ հարաբերություններին, ապա Օլանդը հույս ունի, որ իր այս այցից հետո դրանք ավելի բնականոն հունի մեջ կհայտնվեն, քան նախկինում էին:

«Ճիշտ է, 22 տարի շարունակ Ֆրանսիայի ղեկավարներից և ոչ մեկը այց չէր կատարել Թուրքիա, բայց եթե հաշվի առնենք, որ մեր հարաբերությունները սկիզբ են առել 16-րդ դարում, այդ երկու տասնամյակն այնքան էլ տևական ժամանակահատված չէր», - նշեց Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG