Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետը հրաժարական ներկայացրեց


Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն ներկա է Գերագույն ռադայի արտահերթ նիստին, Կիև, 28 հունվարի, 2014թ.
Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն ներկա է Գերագույն ռադայի արտահերթ նիստին, Կիև, 28 հունվարի, 2014թ.

Օրենսդիրները նաև չեղյալ են հայտարարել ցույցերը կոշտ միջոցներով ցրելու մասին օրենքները։

Երեքշաբթի առավոտյան սկսվել է Ուկրաինայի խորհրդարանի` Գերագույն ռադայի 7-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկրում երկու ամիս տևող քաոսային կացությունը կարգավորելու հարցն է։

Հենց նիստի սկզբում վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է ներկայացրել։ Վարչապետի հայտարարությունում ասվում է, որ նա այդ որոշումն ընդունել է «հանուն հասարակական-քաղաքական փոխզիջման և հակամարտության խաղաղ կարգավորման»։

Ազարովի խոսքերով, ներկայիս վիճակը սպառնում է երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ Նա հավաստիացնում է, որ «կառավարությունն այս ընթացքում ամեն ինչ արել է արյունահեղությունը կանխելու և քաղաքացիներին պաշտպանելու համար»։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջնորդած Ռեգիոնների կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ «հրաժարականի մասին հայտարարությունը դեռ հրաժարական չէ»։ Պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկն ասել է, թե «նախագահը դեռ պետք է բավարարի Ազարովի դիմումը»։

Նախագահ Յանուկովիչը վերջին օրերին մի քանի անգամ հանդիպել է ընդդիմության ղեկավարներ Արսենի Յացենյուկին, Օլեհ Տյահնիբոկին և Վիտալի Կլիչկոյին։ Նա Յացենյուկին և Կլիչկոյին վարչապետի և առաջին փոխվարչապետի պաշտոններ է խոստացել, հավաստիացրել է, որ հնարավոր է լրամշակել Սահմանադրությունը և Ուկրաինայում հաստատել խորհրդարանա-նախագահական իշխանություն, ազատել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։

Քաղաքական վերլուծաբանների մեծ մասը ենթադրել է, որ ընդդիմադիրները կարող են ընդունել այդ առաջարկները, սակայն Արսենի Յացենյուկը երեկ պաշտոնապես մերժել է դրանք։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոյի առաջնորդած «ՈԻԴԱՌ» կուսակցությունը չի բացառում, որ վարչապետ Ազարովի հրաժարականի մասին խոսակցությունների նպատակը գուցե ժամանակ շահելու միջոց է։

«Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասել է պատգամավոր Պավել Ռոզենկոն։

Նրա խոսքերով, հնարավոր է, որ Ազարովն այդպիսի հայտարարություն է տարածել` Գերագույն ռադայի նիստում կառավարության խնդրի քննարկումը կանխելու համար։

Կլիչկոյի համոզմամբ էլ երկրին անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն։

«Իրականում Ուկրաինայի առջև ծառացած խնդիրները` ամբողջ ղեկավարության ապաշնորհ աշխատանքի հետևանք են, մարդկանց մեջ պատճառներ որոնելը հիմարություն է»,- ասել է Կլիչկոն։

Քիչ առաջ Գերագույն ռադան ձայների գերիշխող մեծամասնությամբ չեղյալ է հայտարարել ցույցերը կոշտ միջոցներով ցրելու և ընդդիմադիր պատգամավորներին առանց խորհրդարանի պատկան հանձնաժողովի համաձայնության` արագ կարգով մանդատից զրկելու մասին հունվարի 16-ին հապճեպորեն ընդունած օրենքները, ինչը ընդդիմադիր պատգամավորները հաղթական բացականչություններով են ընդունել։

Եվրոպական կառույցները խստորեն դատապարտել են հունվարի 16-ին այդ օրենքները ընդունելու փաստը։

Այս պահին Գերագույն ռադայի արտահերթ նիստը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG