Մատչելիության հղումներ

ՊՆ. 2013-ին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը


ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում շաբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատրաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները:

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ և թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար: Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ` 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր։

Պաշտոնական հաղորդագրությունը վիճակագրություն չի ներկայացնում. ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ բանակում 2013-ին բանակում գրանցվել է մահացության 31 դեպք, որոնցից 5-ը տեղի է ունեցել հրադադարի խախտման պատճառով, իսկ 8-ը քննչական ծառայության կողմից որակվել է որպես ինքնասպանություն։ Մնացած դեպքերում զինվորները սպանվել են ծառայակիցների կողմից, կամ մահացել են վթարների հետևանքով և այլ պատճառներով։ 2012-ին բանակում գրանցվել էր մահացության 50 դեպք։

«Առաջընթաց է արձանագրվել նաև ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013 թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ և բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՆԱՏՕ-ի հետ իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսևորել են մարտավարամասնագիտական պատրաստության և փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարևորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի և երևույթների դեմ»,- իր ելույթում նշել է պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG