Մատչելիության հղումներ

Հայաստանը շարունակում է ձեռք բերել հեռահար և գերճշգրիտ միջոցներ


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր չհերքեց տեղեկությունները, որ առաջիկայում Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերելու «Իսկանդեր - Էմ» տեսակի հարձակողական նշանակության հրթիռային համալիրներ:

«Ինչ վերաբերում է հեռահար միջոցներին և գերճշգրիտ միջոցներին, այդ պայմանավորվածությունները գտնվում են ուժի մեջ, և մենք 2014 թվականին վերջնականապես կհասցնենք իր վերջնագծին հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը», - այսօր հրավիրած ասուլիսում նշեց Սեյրան Օհանյանը:

«Իսկանդեր - Էմ» տեսակի հրթիռները համարվում են ժամանակակից ամենաարդիական զինատեսակներից, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ: Հայաստանում այդ հրթիռների տեղակայման մասին լուրերը սկսեցին շրջանառվել անցած տարի:

Սեյրան Օհանյանը նշեց նաև, թե գործընկեր պետությունների և, մասնավորապես, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ամրապնդվել է Հայաստանի անվտանգությունը՝ «հատկապես Թուրքիայի նկատմամբ», ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ հեռահար ու գերճշգրիտ հարվածային միջոցներ ձեռք բերելու նպատակով, «ինչը կկատարելագործի հայկական զինված ուժերի զսպման մեխանիզմը»:

Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին և լարվածության աճին` Սեյրան Օհանյանը նշեց, որ «մեր մարդկային ծանր կորուստների համար հակառակորդին հասցրել են մի քանի անգամ ավելի խիստ հակահարված». - «Նրանք, տալով բազմաթիվ կորուստներ, նաև վիրավորներ, հետ են շպրտվել: Պատժիչ գործողությունը դրանից հետո էլ շարունակվել է հենց առաջին գծում: Կրակի տեղափոխումը ավելի խորք, նշանակում է նախապայմաններ ստեղծել լայնածավալ մարտական գործողությունների [համար]: Եթե դրա ժամանակը գա, մենք դա կիրականացնենք»:

Նախարարը, այդուհանդերձ, փոխանցեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «նվազ հավանական է համարում ներկայում մարտական գործողությունների վերսկսումը»:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի` ադրբեջանցիների կողմից նման սադրանքները սովորաբար կապված են ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլի հետ:

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ ադրբեջանական ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, թե լուրջ չի վերաբերվում այդ տեղեկությանը, որովհետև շփման գծի երկայնքով թռչելու դեպքում ադրբեջանական ինքնաթիռները ավելի խոցելի կդառնան հայկական ուժերի համար:

«Իսկ ընդհանրապես, մեր հակաօդային պաշտպանությունը ամբողջովին վերահսկում է իրավիճակը», - ընգծեց Հովհաննիսյանը:

Ասուլիսի ընթացքում Սեյրան Օհանյանը խոսեց նաև հակաօդային պաշտպանության մասին. - «Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանությունը` իր մարտական կարողություններով, այսօր գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա»:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն ո՛չ վերջին օրերի իրադարաձությունների, ո՛չ էլ նախկինում տեղ գտած միջադեպերի, սահմանին սադրանքների ժամանակ երբևէ չենք լսել, որ կազմակերպությունը կամ Մոսկվան գոնե դատապարտեն Ադրբեջանի պահվածքը իրենց դաշնակցի նկատմամբ: Մինչդեռ, ճիշտ հակառակը՝ հատկապես անցած տարի սկիզբ առած մատակարարումներից հետո, Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանին սպառազինություն վաճառով թիվ մեկ երկիրը:

«Ազատության» հարցին, թե արդյոք ինքը ՀԱՊԿ-ում, Մոսկվայում բարձրացրել է ՀԱՊԿ-ից աջակցություն ստանալու հարցը, նախարարն արձագանքեց. - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հիմքում առաջին հերթին կանգնած է եղել հենց Հայաստանի Հանրապետությունը, որը ընդհանուր տարածաշրջանային համակարգից կտրված լինելով` նաև այդ ուղղությամբ է ցանկանում երաշխիքներ ձևավորել մեր անվտանգության ապահովման համար: Բայց վերջին տարիների մեր կատարած աշխատանքը նաև այդ ուղղությամբ է բերում հաջողությունների: Օրինակ, անցած տարի այցելություններ են եղել նաև խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների կողմից մեր նախիջևանյան հատված և համաձայն հայտարարություն է եղել, որ ամեն ինչ պետք է լինի խաղաղ պայմաններում: Ասել է թե` այդ ուղղությամբ մենք համապատասխան աշխատանք տանում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը ամբողջությամբ և իր հնարավորության սահմաններում ներառնված լինի և աջակցի անվտանգության ապահովման գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG