Մատչելիության հղումներ

Նախագահը Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում «պաշտպանեց վարչապետին»


Սերժ Սարգսյանը անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը: Այս մասին այսօր հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին և ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում:

«Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, նախագահն անշուշտ դրական է վերաբերվում: Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես»,- «Առավոտին» ասել է Արման Սաղաթելյանը:

Իսկ ինչ վերաբերում է բուն Քոչարյան-Սարգսյան բանավեճին, ապա նախագահի մամուլի խոսնակն ասում է, որ Սերժ Սարգսյանը մեծամասամբ ծանոթ է նրանց մտքերի փոխանակությանը:

«Հանրապետության նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»,- ասել է Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին շինարարության հաշվին արձանագրված տնտեսական աճը որակել էր փուչիկ, ինչից հետո Քոչարյանը մի շարք վիրավորական որակումներ էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախ նրան անվանել էր թերարժեք, բարոյապես դեգրադացված, իսկ վերջին հարցազրույցում արդեն՝ անհույս:

Քոչարյանի այս որակումներից հետո վարչապետին շտապել էին պաշտպանել կառավարության անդամները. Մասնավորապես, էներգետիկայի նախարարը Քոչարյանին հիշեցրել էր «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը՝ շեշտելով, թե դրա արդյունքում այժմ ունենք մահացած հսկա ձեռնարկություններ: Քոչարյանին հակադարձել էր նաև կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝ պնդելով, թե երկրորդ նախագահը վերադառնալու քաղաքական ռեսուրս չունի: Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ, հակադարձելով պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ Քոչարյանի քննադատությանը, հայտարարել էր, թե հենց նա է այդ համակարգի կնքահայրը:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյան-Կառավարություն երկարատև բանավեճից հետո իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը ընդգծում է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով, ըստ էության, պաշտպանելով նրանց:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ այսօրվա հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն քննադատել է Ռոբերտ Քոչարյանին:

«Ռոբերտ Քոչարյանին բառացիորեն մեղադրում է անցյալի համար կռիվ տալու և անցյալի խնդիրները բարձրացնելու մեջ։ Մյուս կողմից, ըստ էության, հավանություն է տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանի պահվածքին, որ այն եղել է հավասարակշիռ»,- նկատում է Սաֆարյանը։

Ստեփան Սաֆարյանը ուշադրություն է հրավիրում նախագահի խոսնակի այն դիտարկման վրա, որտեղ վերջինս ընդգծում է, թե Սերժ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում:

«Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ իր համար Ռոբերտ Քոչարյանը անցյալում մնացած քաղաքական գործիչ է, ինչպես նաև իր համար Քոչարյանի քննադատությունը հավասարազոր է քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների քննադատություններին, որոնց ինքը հարկ չի համարում պատասխանել, դրանց կպատասխանի կառավարությունը»,- նշեց Սաֆարյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում բնական համարեց, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում պաշտպանում է վարչապետին, հակառակ դեպքում նրան պետք է պաշտոնանկ աներ: Սակայն ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ խնդիրն այն է, որ կառավարության անդամները, այդպես էլ չեն պատասխանել Քոչարյանի կողմից բարձրացված հարցերին, ընդամենը հիշեցրել են , թե Քոչարյանի ժամանակ ինչն էր վատ:

«Բաց է մնացել այն մասը, թե այդ հարցերի պատասխանները, որոնք ես համարում եմ, որ օբյեկտիվորեն գոյություն ունեն, երբ և ումից ենք ստանալու»,- ասաց Մարգարյանը։

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտպանելուց բացի Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ նաև մեկ այլ մեսիջ է ուղարկում, որ պետք է դադարեցնել ծավալված բանավեճերը, քանի որ դրանք կարող են վնասել երկրի վարկին:
XS
SM
MD
LG