Մատչելիության հղումներ

Կիևի կենտրոնը՝ արյունալի բախումների թատերաբեմ


Ոստիկանության հետ բախում Եվրոմայդանում, 22-ը հունվարի, 2014
Ոստիկանության հետ բախում Եվրոմայդանում, 22-ը հունվարի, 2014
Եվրոմայդանը վերածվում է եվրոպատերազմի, հեգնում են ուկրաինացի ակտիվիստներն ու լրագրողները:

Այս դառը կատակը լիովին համապատասխանում է իրականությանը: Այն, ինչ կատարվում է ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում, իսկական մարտական գործողություններ է հիշեցնում` հարյուրավոր վիրավորներով ու առաջին զոհերով, որոնց թվում էր նաև հայազգի Սերգեյ Նիգոյանը:

Դնեպրոպետրովկսի մարզում ապրող 20-ամյա երիտասարդը զոհվեց այսօր վաղ առավոտյան «Դինամո» մարզադաշտի մերձակայքում` դիպուկահարի կրակոցից: «Ուկրաինսկայա Պրավադա»-ի աղբյուրները պնդում են, որ Նիգոյանի վրա կրակել են Գրուշևսկու փողոցի վրա գտնվող շենքերից մեկի վեցերոդ հարկից:

«Նա երկու հրազենային վնասվածք է ստացել` մեկը պարանոցի, մյուսը` գլխի շրջանում»,- տեղեկացնում է պարբերականը:

Երկրորդ սպանվածը՝ Բելառուսի քաղաքացի Միխաիլ Ժիզդնևսկին, ևս դիպուկահարի զոհ դարձավ:

Սերգեյ Նիգոյանը Եվրոմայդանի ակտիվիստների շրջանում բավական հայտնի անձնավորություն էր: Նա Կիև էր ժամանել դեկտեմբերի սկզբին` անդամագրվելով Մայդանի անվտանգության ծառայությանը: Դեկտեմբերի վերջին հայազգի երիտասարդը ուկրաինացի ակտիվիստների շրջանում հավելյալ ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ Youtube-ում մի տեսագրություն տեղադրվեց, որտեղ Նիգոյանը, բարիկադների վրա ծածանվող հայկական եռագույնի հարևանությամբ, վարժ ուկրաիներենով արտասանում էր Տարաս Շևչենկոյի «Կովկաս» բանաստեղծությունը:

Հունվարի 3-ին արդեն Նիգոյանը դարձավ Մայդանի ակտիվիստների նվիրված ֆեյսբուքյան հատուկ էջի հերոսը` պատմելով, թե ինչպես է դեկտեմբերի սկզբին Դնեպրոպետրովսկից ոչ հեռու գտնվող Բերեզնովատովկա գյուղից սկզբում մեկնել մարզկենտրոն, և տեղական Եվրոմայդանը այդպես էլ չհայտնաբերելով, ուղևորվել Կիև:

Թեև առավոտվանից լուրեր էին շրջանառվում, թե Նիգոյանը Հայաստանի քաղաքացի էր, այնուհանդերձ, օրվա երկրորդ կեսին Դնեպրոպետրովսկի հայ համայնքից տեղեկացրեցին, որ Նիգոյանը ծնվել է Ուկրաինայում և այդ երկրի քաղաքացի էր:

Նիգոյանի և Ժիզդնևսկու մահը կարծես դառնում է Ուկրաինայում ծավալված երկարատև ճգնաժամի շրջադարձային կետը: Ընդդիմությունը և իշխանության միջև երկխոսության առանց այդ էլ մշուշոտ հեռանկարները առավոտյան դեպքերից հետո էլ ավելի անիրական դարձան։

«Ես՝ որպես երկրի վարչապետ, պաշտոնապես հայտարարում եմ` որքան էլ ցավալի է, արդեն իսկ զոհեր կան: Մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունը կրում են զանգվածային անկարգությունների կազմակերպիչները: Իրավապահները պետք է մանրակրկիտ կերպով հետաքննեն այս հանցագործությունները: Զանգվածային անկարգությունների կազմակերպիչները` Մադանին մասնակցող ծայրահեղ աջ գրոհայիններն են: Դրանք խաղաղ ցուցարարներ չեն, նրան հանցագործներ են ու ահաբեկիչներ»,- արյունալի բախումներից մի քանի ժամ անց կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ նախ և առաջ նկատի ունենալով «Պրավի Սեկտոր» անվանումը կրող խմբավորման մասնակիցներին, որոնք էլ հենց կազմակերպեցին արյունալի բախումների վերաճած կիրակնօրյա երթը դեպի Գրուշևսկու փողոց:

«Պրավի Սեկտորի» ներկայացուցիչներ, ի դեպ, առանձնապես չեն հերքում ոստիկանության դեմ ցանկացած ձևով պայքարելու իրենց պատրաստակամությունը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ազգայնական ակտիվիստ, «Պրավի Սեկտորի» համակարգող Անդրեյ Տարասենոկն ասում էր.- «Եթե իշխանությունները ցանկանում են արյան մեջ խեղդել բողոքի ակցիաները, ապա ի պատասխան նրանք սպանդ ու պարտիզանական պատերազմ կստանան»:

Կեսօրից հետո, երբ ոստիկանությանը հաջողվեց մաքրել Գրուշևսկու փողոցի հիմնական հատվածը ցուցարարներից, հիմնական բախումները կենտրոնացան Անկախության հրապարակ տանող փողոցների անմիջական հարևանությամբ: Չի բացառվում, որ արդեն մի քանի ժամից ոստիկանության հերթական հարձակման գլխավոր թիրախը դառնա ընդդիմության վրանային ճամբարը:

Իրադարձությունները զարգացման ամենահոռետեսական սցենարը բացառող վերջին շանսը կարող է դառնալ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը ընդդիմության երեք առաջնորդների հետ արդեն մեկնարկած հանդիպումը, որի մանրամասներն առայժմ հայտնի չեն:
XS
SM
MD
LG