Մատչելիության հղումներ

Ժնև-2 համաժողովից սիրիացիները խաղաղություն են ակնկալում


Շվեյցարիա - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին Մոնտրյոյում, 21-ը հունվարի, 2014թ․
Շվեյցարիա - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին Մոնտրյոյում, 21-ը հունվարի, 2014թ․

Ասադը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հետ:

Սիրիայի հարցով չորեքշաբթի օրը գումարվելիք Ժնև-2 համաժողովից սիրիացիները խաղաղություն են ակնկալում:

Հիշեցնենք՝ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում այսօր մեկնարկում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորմանն ուղղված համաժողովը, որը կազմակերպվում է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ:

Այս համաժողովի նախօրեին՝ երեկ Հալեպում հասարակական և քաղաքական դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է ծավալուն մի քննարկում, որի հիմնական հարցը սիրիացիների սպասելիքներին էր վերաբերում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հալեպում Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

«Այդ ժողովին նախ մեկ հիմնական այն հնչեց, որ սիրիական տագնապ կոչվածը կլուծվի միայն սիրիացիների ձեռքով, այլ միջամտությունները՝ իրենց այլ հաշիվներով և այլ շահերից ելնելով կմիջամտեն: Միայն սիրիացին կարող է՝ իր սիրիական տրամաբանությամբ, սիրիացիական զգացումներով, իսկական լուծումների և փոխհասկացողության հասնել», - ընդգծեց Ռեիսյանը:

Ժնև-2 համաժողովին ընդառաջ, հիշեցնենք, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժնևյան կենտրոնում կազմակերպվել է համագումար, որի նպատակը համաժողովին նպաստելն էր: Համագումարի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին հանդիպել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ և փոխանցել իր ուղերձը՝ խնդրելով հնչեցնել այն Ժնև-2 համաժողովին, տեղեկացնում է Անթիլիասի կաթողիկոսության մամլո ծառայությունը: Արամ առաջին կաթողիկոսը շեշտել է, որ քրիստոնեությունը ամբողջությամբ նեցուկ է կանգնում Ժնև-2-ին` հավատալով համաժողովի ճակատագրական կարևորությանը ոչ միայն Սիրիայի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար:

«Վեհափառ Հայրապետի տեսակետները արդեն մեկնաբանելու կարիք չունեն, որովհետև դրանք արտահայտում են բոլորիս զգացումները և բոլորիս պատկերացումները», - ասաց Բերիո թեմի բանբերը:

2011 թվականի գարնանը Սիրիայում սկսված ներքաղաքական ճգնաժամն այդ երկրում հանգեցրեց պատերազմի, որի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 6․5 միլիոն մարդ բռնի տեղահանվել է, 2 միլիոնից ավելի մարդ փախստական է դարձել, իսկ զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը: Կառավարությանը խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների գործադրման մեջ մեղադրող սիրիական ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահի հրաժարականը, իսկ իշխանությունները պնդում են, որ Սիրիայում ժողովրդավարական կարգախոսների քողի տակ զինված ահաբեկչական խմբավորումներ են գործում:

Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հետ։

«Սիրիայի հակամարտության ընթացքում ահաբեկիչների դրսևորած դաժանությունն ու անմարդկայնությունը մեզ հիշեցնում է օսմանցիների կողմից հայերի դեմ կատարված կոտորածը‚ երբ Թուրքիայի տարածքում և Սիրիայում սպանվեցին մեկևկես միլիոն հայեր», - հայտարարել է Ասադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG