Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանը հերքում է իրավապահների վարկածը


Վիտալի Բալասանյանը ելույթի ժամանակ, արխիվ
Վիտալի Բալասանյանը ելույթի ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, պատգամավոր Վիտալի Բալասանյանը այսօր Facebook-ում հայտարարություն է տարածել՝ հերքելով իր նկատմամբ մահափորձի շարժառիթների առնչությամբ Ղարաբաղի իրավապահ մարմինների հրապարակած վարկածը:

«Դեպքից անմիջապես հետո, 2013 թվականի դեկտեմբերի 30-ին ԼՂՀ Ոստիկանությունում հանդիպել եմ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի, գլխավոր դատախազ Ա. Ղարամյանի և ոստիկանապետ Կ. Աղաջանյանի հետ, և մենք պայմանավորվել ենք ամեն ինչ անել նմանատիպ երևույթը արմատախիլ անելու և հետագա ցնցումներից խուսափելու համար, օգնել բացահայտել կատարվածը, պահել նախաքննության գաղտնիությունը, առանց քննարկելու չանել որևէ հայտարարություն (խոսքը վերաբերում է բոլոր կառույցներին և ինձ)։ Ես այն պահել եմ առ այսօր», - փոխանցում է Բալասանյանը՝ շարունակելով․ - «Սակայն ԼՂՀ դատախազությունը կասկածյալների վկայությունների հիման վրա հունվարի 5-ին տարածել է մի հաղորդագրություն, համաձայն որի կասկածյալները ինձ հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ՝ իմ կողմից կասկածյալներից մեկի եղբոր ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով»։

«Այս ամենն իրականությանը չի համապատասխանում։ Կասկածյալները ձերբակալվել են ս/թ. հունվարի 1-ին, ժամը 13-ի սահմաններում, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն ըստ իս պատրաստ է եղել հունվարի 4-ին և հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին։ Այս դեպքից հետո ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում, և ես չգիտեմ, թե ո՞ւմ կողմից են դրանք հրամցվում», - ասված է Վիտալի Բալասանյանի հայտարարությունում:

«Սիրելի՛ ժողովուրդ, հենց սրանք են պատճառները, որ դիմում եմ քեզ և ապավինում քո դատին։ Դատի՛ր ինքդ ու ինքդ իմ դատաստանն արա (պատրաստ եմ թե օրենքի, թե ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու), այնպես ինչպես ինձ վստահել ես ու հերոսացրել։ Դու ունես ինձ դատելու իրավունք և եթե ըստ քեզ քո հերոսը կատարել է այս ստոր ու նենգ քայլը և ունի այդ վարքագիծը, ուրեմն ինձ մտցրեք տականքների ցուցակը և ուղարկեք ինձ պատմության աղբարկղ, ընդհուպ դժոխք, ուրեմն ես դրան էի արժանի։ Ժողովուրդը երբեք չի սխալվում», - հայտարարում է Բալասանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG