Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին բարձր պաշտոն կստանա ամերիկյան համալսարանում


Միխեիլ Սաակաշվիլին նախագահության օրոք, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլին նախագահության օրոք, արխիվ

Ըստ Վրաստանի նախկին նախագահի՝ Թաֆթսի համալսարանի ղեկավարները հատուկ իր համար են սահմանել «բարձրակարգ պետական ծառայողի» հաստիքը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բարձր պաշտոն կստանա Թաֆթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին Facebook-ի իր էջում երեկ գրառում է արել ինքը Սաակաշվիլին, ով գրել է, որ Թաֆթսի համալսարանի ղեկավարները հատուկ իր համար են սահմանել «բարձրակարգ պետական ծառայողի» հաստիքը։

Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Սթավրիդսը հայտնել է, որ նոր պաշտոնը ստեղծվել է առաջին անգամ` այն նպատակով, որ Թաֆթսի համալսարանի ուսանողները ստանան հայտնի լիդերների հետ շփվելու, միջազգային ասպարեզում տարբեր գործելակերպերի և մոտեցումների ծանոթանալու հնարավորություն։

«Սաակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, առաջիկա օրերին էլ դասախոսություններ է կարդալու Հարվարդի համալսարանում», - ասել է դեկան Սթավրիդսը։

«Վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չուներ։ Երկրի նոր Սահմանադրության համաձայն՝ հանրապետության փաստացի ղեկավարը վարչապետն է։ Սաակաշվիլին հավատում էր, որ իր ղեկավարած Ազգային միացյալ շարժումը կհաղթի 2012 թվականի հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններում և ինքը կդառնա վարչապետ։ Սակայն տեղի ունեցավ նախագահի համար աղետալի անակնկալ` հաղթեց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» դաշինքը։ Ինքը մեծահարուստը դարձավ վարչապետ, ապա այս պաշտոնը փոխանցեց Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ասելով, թե կատարել է իր առաքելությունը և հեռանում է քաղաքականությունից։

Իվանիշվիլին նաև մի քանի առիթներով քննադատել է Սաակաշվիլիին կոպիտ սխալների և, մասնավորապես, 2008 թվականի պատերազմի համար, որի արդյունքում Հարավային Օսիան և Աբխազիան գործնականում անջատվեցին Վրաստանի կազմից։

Թբիլիսիում նաև չեն բացառում, որ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել 2005 թվականին վարչապետ Զուրաբ Ժվանիայի առեղծվածային մահվան հանգամանքների նոր հետաքննության շրջանակներում։

Անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանի նախագահ ընտրվեց «Վրացական երազանք»-ի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին, ով նոյեմբերի 17-ին ստանձնեց հանրապետության ֆորմալ ղեկավարի պաշտոնը։ Այդպիսով Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական գործունեությունը եթե ոչ առհավետ, ապա առնվազն երկար ժամանակով ավարտվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG