Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչը կբանակցի ընդդիմության հետ


Ցուցարարները պատնեշ են ստեղծել «Դինամո» մարզադաշտի մոտ, Կիև, 20 ունվարի, 2014թ.
Ցուցարարները պատնեշ են ստեղծել «Դինամո» մարզադաշտի մոտ, Կիև, 20 ունվարի, 2014թ.

Ամբողջ գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհանգիստ վիճակ էր, ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանների բախումները շարունակվել են։

Ընդդիմադիրները հրկիզել են ոստիկանների մի քանի ավտոբուս։ Մոտ հարյուր մարդ բժշկական օգնության է դիմել, նրանցից մոտ 40-ը հոսպիտալացվել է։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երկու տասնյակ մարդ կալանավորվել է։ Նրանց թվում են նաև «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության երկու աշխատակիցներ։

Մի քանի տասնյակ ընդդիմադիր այս պահին շարունակում է բողոքի ակցիաները Կիևի կենտրոնական փողոցներում։

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ընդհարումներն ամենաթեժն էին անցած երկու ամիսների անդադար ցույցերի ընթացքում։ Այդ ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը սառեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը և գործարք է կնքել Մոսկվայի հետ։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ երեկ հզոր հանրահավաքով պահանջել են նախագահի հրաժարականը և բողոք են հայտնել Գերագույն Ռադայի հապճեպորեն ընդունած նոր օրենքների դեմ, որոնք տալիս են ցույցերն ուժով ցրելու, ցուցարարներին տուգանելու, կալանավորելու, ինչպես նաև պատգամավորներին մանդատից արագ կարգով զրկելու հնարավորություն։

Երեկ ուշ երեկոյան Յանուկովիչը Կիևի արվարձանում գտնվող նախագահական նստավայրում ընդունել է ընդդիմության լիդերներից աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն, «ՈԻԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին։

Յանուկովիչը խոստացել է Կլիչկոյին կազմել հատուկ հանձնաժողով, որը պետք է ընդդիմության հետ համատեղ ջանքերով ելք գտնի ներկայիս վիճակից։ Հանձնաժողովը կղեկավարի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրիյ Կլյուևը։

Ընդդիմության մեկ այլ լիդեր` Գերագույն Ռադայի նախկին խոսնակ, նախկին արտգործնախարար և էկոնոմիկայի նախկին նախարար Արսենի Յացենյուկը` դիմելով ցուցարարներին, ասել է, որ իրեն զանգահարել է անձամբ Յանուկովիչը, ով առաջարկել է բանակցություններ սկսել։

«Բանակցությունների համար պատասխանատուն Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Անդրիյ Կլյուևն է։ Հայտնեմ ձեզ իմ անձնական տեսակետը, առաջին՝ բանակցությունների մանդատն ունի միայն Մայդանը [ընդդիմադիրների հավաքատեղի Անկախության հրապարակը], երկրորդ՝ բանակցությունները պետք է լինեն բացառապես հրապարակային, երրորդ՝ մեր բանակցությունների նպատակը մեր պահանջների կատարումն է»,- ասել է Յացենյուկը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը պաշտոնական Կիևին հորդորում են վերանայել խստացված օրենքները, կողմերին դիմել են զսպվածության կոչով և ողջունել են բանակցելու պատրաստակամությունը։

Հունվարի 28-ին Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում քննարկելու են Ուկրաինայի խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG