Մատչելիության հղումներ

Սոչիում անվտանգության ապահովման աննախադեպ միջոցներ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մասնակցում է ուղղափառ եկեղեցում մատուցվող Սուրբ Ծննդյան պատարագին, 7-ը հունվարի, 2014թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մասնակցում է ուղղափառ եկեղեցում մատուցվող Սուրբ Ծննդյան պատարագին, 7-ը հունվարի, 2014թ.

Փետրվարի 5-23-ը Սոչիում տեղի կունենա ձմեռային Օլիմպիադան, իսկ մարտի 7-16-ը` Պարալիմպիկ խաղերը։ Այսօրվանից Սոչիում ուժի մեջ է մտել անվտանգության ապահովման աննախադեպ ռեժիմ։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօրվանից մարտական հերթապահության են անցել արտակարգ իրավիճակների նախարարության ջոկատները, որոնք պետք է ապահովեն Օլիմպիադայի մասնակիցների և հյուրերի անվտանգությունը։

«Հսկողության տակ են բոլոր օբյեկտները, կիրառվում է տիեզերական մոնիտորինգի համակարգը, Օլիմպիադայի անվտանգության հետ կապված բոլոր հարցերը լուծվում են համաշխարհային ամենաբարձր մակարդակով», - ասել է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար, պահեստի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Պուչկովը։

Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սոչիի իշխանություններն այսօրվանից կարող են կարգավորել Օլիմպիադայի հետ առնչություն չունեցող հանրային բոլոր միջոցառումները։

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է, որ «հավաքների, ցույցերի, երթերի և պիկետների անցկացման ժամանակը, վայրերը և երթուղիները, դրանց մասնակիցների թիվը համաձայնեցվում են առողջարանային քաղաք Սոչիի վարչակազմի, ներքին գործերի նախարարության և անվտանգության ապահովման տեղական մարմինների հետ»։

Փաստորեն, Սոչիի Օլիմպիադայի կապակցությամբ ստեղծվում է արգելված գոտի, որը կարելի է այցելել միայն ծառայողական կամ արտադրական անհրաժեշտության պարագայում։ Գոտին հասնում է մինչև Կարաչաևո-Չերկեսիայի և Աբխազիայի սահմանները։ Ստեղծվում են նաև հսկողության գոտիներ, որոնք կարելի է մուտք գործել ոստիկանական զննումից հետո։

Ուժի մեջ են մտնում երթևեկության հատուկ կանոններ, ստեղծվում են մեքենաների ժամանակավոր կայանատեղիներ, որոնք գտնվում են Սոչիի կենտրոնից առնվազն 100 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաք կարող են մտնել հատուկ թույլտվություն ստացած մեքենաները, որոնց համար ճանապարհներին հատկացվում են երթևեկության առանձին գծեր։ Եթե այլ մեքենա մտնի հատուկ գիծ, վարորդը մեծ տուգանք կվճարի։

Առաջնահերթությունը տրվում է նախ Օլիմպիադայի հետ կապված մեքենաներին և հետո միայն` Սոչիի հանրային տրանսպորտին։ Քաղաքի բնակիչներին հորդորում են հատուկ ռեժիմի ժամանակաշրջանում հրաժարվել անձնական ավտոմեքենաներ վարելուց։ Ռեժիմը գործելու է մինչև մարտի 21-ը։

Անվտանգության աննախադեպ միջոցների անհրաժեշտությունը բացատրվում է ահաբեկչական հավանական գրոհները կասեցնելու նպատակով։ Մեկնաբաններն այդ կապակցությամբ հիշեցնում են, որ հյուսիսկովկասյան զինյալների ղեկավարներից Դոկու Ումարովը կես տարի առաջ սպառնացել է հարձակումներ իրականացնել և խափանել Սոչիի Օլիմպիադան։

Այսօրվանից Սոչիում գործում է Օլիմպիադայի գլխավոր լրատվական կենտրոնը, որը հունվարի 23-ից կաշխատի շուրջօրյա ռեժիմով։ Այդ կենտրոնում ռեպորտաժներ է պատրաստելու մոտ 6․5 հազար լրագրող։

Financial Times-ի մեկնաբանի կարծիքով` Վոլգոգրադի ահաբեկչական գրոհներից հետո Ռուսաստանում խստացնում են անվտանգության միջոցները, սակայն դրանք գուցեև արդյունավետ չլինեն, քանի որ հյուսիսկովկասյան զինյալներն արդեն լավ են ուսումնասիրել Անվտանգության դաշնային գործակալության աշխատաոճը, և հիմա մահապարտ ահաբեկիչ կանանց` այսպես կոչված «սև այրիներին» են ուղարկում ռումբեր պայթեցնելու։ «Իհարկե, Վոլգոգրադից հետո ձեռնարկված միջոցները կարող են որոշ չափով փարատել իշխանություններից դժգոհ բնակիչների մտահոգությունները, սակայն դժվար թե օգտակար են մահապարտների դեմ պայքարում», - ասել է անվտանգության ծառայությունների հարցերով զբաղվող լրագրող Անդրեյ Սոլդատովը։ Նրա կարծիքով՝ Անվտանգության դաշնային ծառայությունը չի կարողանում արդյունավետ պայքարել գրոհայինների ապակենտրոնացված և փոքրաթիվ խմբերի դեմ։

Արևմուտքի փորձագետների համոզմամբ՝ հակաահաբեկչական պայքարը թուլանում է նաև անվտանգության տարբեր ծառայությունների միջև առկա ներքին տարաձայնությունների հետևանքով։ Ռուսական լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի ոչնչացման մասին, սակայն ամեն անգամ պարզվել է, որ անորսալի Ումարովը ողջ-առողջ է և նոր դավեր է նյութում։ Նրա գլխավոր նպատակն է տապալել ձմեռային Օլիմպիադան։

Sunday Times-ը չի բացառում, որ Ումարովն այս պահին էլ կովկասյան լեռներում է և ծրագրում է Սոչին հարվածների ենթարկելու նոր գործողություններ։

Մոսկվայի Քարնեգի կենտրոնի փորձագետ Անդրեյ Մալաշենկոյի համոզմամբ, «Ումարովը շատ ավելի պարզունակ է, քան Շամիլ Բասաևը, որին ռուսաստանցիները կարողացել են ոչնչացնել»։ «Սակայն իշխանությունների ուշադրությունը սևեռվել է Սոչիի վրա, իսկ դա մնացած շրջաններն առավել խոցելի է դարձնում», - ասել է Մալաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG