Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի հետ կալանավորված ևս երկու հոգի հացադուլ է հայտարարել


Ոստիկանությունը բերման է ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
Ոստիկանությունը բերման է ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
Արդեն 6 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հետ կալանավորված նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը ևս միացել են հացադուլին։

Հարազատները իրենց մտահոգությունն են հայտնում՝ հայտարարելով, թե այսպես շարունակվելու դեպքում նրանց առողջությանը լուրջ վտանգ է սպառնում։

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի հացադուլին միացած նրա երկու ընկերները սննդից հրաժարվելու մասին հայտարարել են անցած շաբաթ օրը դատարանի դահլիճում այն բանից հետո, երբ դատարանը մերժեց նրանց պաշտպանների խնդրանքն ու ազատ արձակելու փոխարեն կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը մտահոգված է ոչ միայն ամուսնու, այլև մյուս հացադուլավորների առողջությամբ։ Լիպարիտ Պետրոսյանը տառապում է շաքարախտով, ուռուցք ունի, իսկ Վահե Մկրտչյանը ատամնաշարի խնդիր ունի։

«Լիպարիտը ունի երկրորդ կարգի շաքարային դիաբետ և դեղեր է օգտագործում, այսինքն նրան հակացուցված է հացադուլը, բայց նա դիմել է այդ քայլին, որովհետև ապօրինությունները շարունակվում են»,- ասաց Բադալյանը։

Հարությունյանի կինն ասում է, որ անցած շաբաթ օրը որդին դատարանում հասցրել է տեսնել հորը։ Հացադուլը ազդել է նրա վրա։

«Շանթի վիճակը շատ վատ է, ամսի 28-ին դատարանի մոտ մի պահ որդիս տեսել էր, ու երեխան մինչև հիմա ուշքի չի գալիս, ասում է՝ «պապան շատ հյուծված էր»։ Ինքը հազիվ է ճանաչել»,- ասաց Բադալյանը։

Նրանք հացադուլի միջոցով իշխանություններից պահանջում են վերացնել քննիչի որոշումը՝ թույլ տալով տեսակցել հարազատների հետ։ Շանթի հացադուլին միացած նրա երկու ընկերների հարազատները նշում են, թե Մկրտչյանի ու Պետրոսյանի հորդորները՝ հացադուլից հետո տեղափոխել այլ խուց, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը մերժել է ոչ աշխատանքային օրվա պատճառով։ Ռուզան Բադալյանը սա անթույլատրելի է համարում՝ նշելով, որ բոլոր կառույցները, այդ թվում և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձակուրդում են, միայնակ են թողել իրենց.- «Այնտեղ կան ուրիշ կալանավորներ, որոնք սնվում են, և երկկողմանի ճնշման են ենթարկվում։ Ոչ մի բողոքի ձայն տեղ չի հասնում, բոլորը անտարբեր են, քնած, մեռած վիճակը է, բոլորը պատրաստվում են ամանորյա խրախճանքին, երբ արդեն մի քանի հոգու կյանքը վտանգված է»։

Իրավապաշտպանները Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին ևս երկու ամսով բանտում պահելու, ինչպես նաև տեսակցությունները արգելելու որոշումները համարում են մարդու իրավունքների խախտում։ Նրանք նշում են, որ այս ամենը պատիժ է այլախոհության համար։ Հարությունյանն ու նրա ընկերները ոչ թե իսկապես հանցագործներ են, որոնց պետք է բանտում պահել, այլ պարզապես մարդիկ, ովքեր իշխանության գալու նկրտումներ չունեն, բայց և դեմ են այս իշխանություններին ու հենց այդ պատճառով որոշեցին հեղափոխություն անել, կարծում են իրավապաշտպանները։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անցած ուրբաթ է տեսակցել Շանթին։ Նա բանտախուց է այցելել քրեակատարողական հիմնարկներում որպես դիտորդական խմբի փորձագետ։ Ասում է, որ Շանթի ինքնազգացողությունը վատ չէր։ Իրավապաշտպանը անիմաստ է համարում Շանթին ու նրա ընկերներին անազատության մեջ պահելու իշխանության ձգտումները՝ ընդգծելով, որ Հարությունյանը դասական քաղբանտարկյալ է։

«Արդյոք նրանք կառչում են օրենքի տառի՞ց, և ոչ թե օրենքի ոգուց։ Մի կողմից այստեղ կարող է լինել պեդանտություն, ինչպես Հյուգոյի «Թշվառներ»-ում էր, երբ ոստիկանը՝ Ժավերը միայն օրենքի տառից էր կառչում և ողբերգություն էր բերում մարդկանց ընտանիքներին։ Մյուս կողմից դա կարող է լինել ցուցադրանք, որ եթե ՀՀ քաղաքացիներից որևէ մեկը չի հարմարվում իր վիճակին, ինչպիսին կլինի իր վիճակը։ Եթե այսպես են մտածում, մենք շատ ավելի վտանգավոր իշխանություններ ունենք»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը իշխանությունների գործողությունները համարում է պատիժ կալանավորվածների և նրանց հարազատների համար։ Շանթ Հարությունյանի դեպքում, ինչպես Հարությունյանն է նշում, ոստիկանությունը վարվել է որպես սադրիչ։ Այդ բախումը ծրագրված էր իշխանության կողմից, նկատում է նա։

«Մի տեսակ վերադառնում են հին սովետական մոտեցումները, երբ մարդիկ, ովքեր իշխանահաճո չեն, կամ չեն մտածում այնպես, ինչպես իշխանությունները, հայտնվում են այլախոհի կարգավիճակում դրանից բխող բոլոր վատ հետևանքներով՝ նրանք պետք է զրկվեն աշխատանքից, չպետք է բիզնես ունենան, եթե որևէ քայլի դիմեն, պետք է հայտնվեն բանտում, մեկուսարանում։ Այս տխուր ավանդույթները, որոնք, թվում էր, թե արդեն թաղել ենք, հարություն են առել»,- ասաց Հարությունյանը։

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կինն ասում է, որ երկրի ներսում արդարադատության հույս չունենալով՝ միջազգային կառույցներին ուղղված բողոքի նամակ են պատրաստել։ Մեկ օրվա ընթացքում դրա տակ ստորագրել է ավելի քան 2000 մարդ։ Հարությունյանի կողմնակիցները առաջիկա տոնական օրերին ևս պատրաստվում են բողոքի ակցիաներ նախաձեռնել։
XS
SM
MD
LG