Մատչելիության հղումներ

Արամ Սաթյանը ներկայացնում է Կոմպոզիտորների միության ծրագրերը


«Ազատության» հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանը ներկայացնում է գալիք տարվա ծրագրերը:

Գարնանը կանցկացվի Միության նախորդ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի օրոք հիմնադրված հերթական Երիտասարդ կոմպոզիտորների փառատոնը, որի ծրագիրը կկազմի միության գեղարվեստական խորհուրդը:

«Որովհետև շատ կարևոր է, որ կատարվի լավ երաժշտություն և հավաքվեն լեփ-լեցուն դահլիճներ: Կզտվի և ներկայացվի լավագույնը», - խոստացավ Սաթյանը` հույս հայտնելով, որ կհաջողվի մեծացնել փառատոնի շրջանակում կազմակերպվող համերգների թիվը:

Այս փառատոնի կազմակերպման ու անցկացման գործում միությունը համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որը, ինչպես փոխանցեց Արամ Սաթյանը, այսուհետ ներգրավվելու է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ավարտական քննություններին. - «Մեծ հաճույքով Սերգեյ Սմբատյանը [Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը] համաձայնել է»:

Շարունակելով ներկայացնել իրենց ծրագրերը` Սաթյանն ասաց. - «Կոմպոզիտորների միությանն անում է մի մեծ փառատոն: Դա լինելու է աշնանը: Հրավիրվում են լավագույն հրատարակչությունները, ինչպես «Սիկորսկի», «Սոնի» և այլն»:

Արամ Սաթյանը ներկայացրեց նաև միության ընթացիկ աշխատանքները. - «Վերականգնվեցին սեկցիաները... վարչությունն է աշխատում: Բոլոր օղակները սկսել են աշխատել: Էդվարդ Միրզոյանի անունով է Դիլիջանը [Դիլիջանում գտնվող միության ստեղծագործական տունը] կոչվել... Եթե ուզում ենք, որ միությունը վերակենդանացվի, իսկ ինքը արդեն վերակենդանացվել է, մենք բոլորս պետք է գործ անենք, և շնորհիվ դրա ստեղծվի այն ստեղծագործությունների ցանկը, որը մենք կարող ենք ներկայացնել այդ փառատոներին: Լավագույն գործերը ներկայացվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG