Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «կարող է վերանայել Թուրքիայի անդամակցության հեռանկարները»


Եվրամիության և Թուրքիայի դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մայիս, 2013թ․
Եվրամիության և Թուրքիայի դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մայիս, 2013թ․

Պաշտոնական Բրյուսելը կոշտ է արձագանքում կոռուպցիոն աղմկալի գործի հետաքննության ընթացքին Էրդողանի կառավարության միջամտությանը:

Պաշտոնական Բրյուսելը կարող է վերանայել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները, եթե վարչապետ Էրդողանն ու նրա կառավարությունը շարունակեն միջամտել աղմկալի կոռուպցիոն սկանդալի հետաքննության ընթացքին: Բրիտանական Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ երեկ նման կոշտ նախազգուշացմամբ է հանդես եկել Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն:

Ռեջեփ Էրդողանի վերջին քայլերը իրոք լրջորեն անհանգստացրել են Բրյուսելին: Վերջին մի քանի օրերին Էրդողանի կառավարությունը շտապ կարգով սկսեց փոփոխությունների ենթարկել ոստիկանական ուժերին վերաբերող նորմատիվ ակտերը: Այսուհետ ոստիկանության քննիչները չեն կարողանա անկախ հետաքննություններ անցկացնել` ստիպված լինելով իրենց ցանկացած քայլի մասին զեկուցել վերադաս մարմիններին: Բացի այդ, ըստ Zaman օրաթերթի, այսուհետ լրագրողները իրավունք չեն ունենա մուտք գործել ոստիկանական բաժանմունքներ:

«Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնանկությունները, վարվող հետաքննությունների մասին իշխանության ներկայացուցիչներին ոստիկանության աշխատակիցների զեկուցելու պահանջը` այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Այդ փաստը կասկածի տակ է դնում [կոռուպցիոն գործի] հետաքննության անկախությունը, անաչառությունն ու արդյունավետությունը», - պնդում է Եվրամիության ներկայացուցիչը:

Սրան ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետը շարունակում է հայտարարել, որ իրականում խոսքը ոչ թե իշխող կուսակցության բարձր էշելոններում կոռուպցիոն լուրջ մեխանիզմների բացահայտման մասին է, որոնցում հավանաբար ներգրավված են նրա մերձավոր զինակիցները, այլ՝ Թուրքիայի կառավարության դեմ նյութվող արտաքին դավադրության:

«Վերջին օրերին շատ տարօրինակ կերպով որոշ երկրների դեսպանները ներգրավվել էին սադրիչ գործողություններում: Ես դիմում եմ նրանց` զբաղվեք ձեր գործով և հիշեք՝ մենք պարտավոր չենք ձեզ պահեր մեր երկրում», - ասաց Էրդողանը Սև ծովի ափին գտնվող Սամսուն քաղաք այցի ընթացքում:

Թուրքական թերթերի պնդմամբ՝ այս հայտարարության գլխավոր հասցեատերը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանն է:

Երկրում ծագած կոռուպցիոն սկանդալին երեկ առաջին անգամ անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Թուրքիան այլևս նախկինը չէ: 10 կամ 15 տարի առաջ մեր երկրում դեռ հնարավոր կլիներ կոծկել այսպիսի կոռուպցիոն սկանդալը: Վերջին տարիներին, սակայն, մենք այնպիսի բարեփոխումներ ենք իրականացրել, որ նման քայլի հավանականությունը գրեթե զրոյի է հավասարվել», - հայտարարեց Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG