Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը կքննարկի գազային համաձայնագրերը


Ազգային Ժողովն այսօր պետք է քննարկի Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը ստորագրված գազային համաձայնագրերը։ Ըստ այդ փաստաթղթերի, հայկական կողմը պարտավորվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասի առքուվաճառքի պայմանագիրը «Գազպրոմի» հետ կնքել մինչև հաջորդ տարվա հունվարի 17-ը:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը վտանգավոր են համարում այս համաձայնագրերը: Նրանց, մասնավորապես, մտահոգում է գազի ներմուծման բացառիկ իրավունքը ռուսաստանյան «Գազպրոմին» տալը։ Չնայած քաղաքական ոչ իշխանական ուժերի մտավախություններին, Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական չճանաչեց գազային համաձայնագրերը։

«Ինչպե՞ս կարող եմ հույս ունենալ մի Ազգային ժողովից, որտեղ բացարձակ մեծամասնությունն ունի այն իշխանությունը, որն ինքն է ցանկություն հայտնել նման պայմանագիր ստորագրելու», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով առաջիկա քննարկումները, նշեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը, - «Զարգացման մասին մտածող ոչ մի իշխանություն չէր կարող նման պայմանագիր կնքել, որովհետև դա նշանակում է, որ մինչև 2046 թվականը Հայաստանը որևէ ձևով չի պատկերացնում տարածաշրջանի իր հիմնախնդիրների հարցը լուծելը՝ սահմանների բացում, շրջափակման վերացում, Լեռնային Ղարաբաղի հարց, Պարսկաստանից գազ ստանալու տարբերակ... այսինքն ինքը իր տնտեսության ամբողջ տրամաբանությունը կապում է միայն «Գազպրոմի» հետ։ Դա ամենաանարդյունավետ տարբերակն էր, որ կարելի էր մտածել. երբ քեզ զրկում են որևէ երկիր էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունից, երբ որ զրկում են որևէ երկրից գազ ստանալու հնարավորությունից, այդ ընկերության շահութաբերության մակարդակը որոշելու հնարավորությունից, կամ շահութահարկի չափաքանակից։ Այս ամենը նշանակում է, որ ուղղակի իշխանությունը գին է վճարում, թե դրա դիմաց ինչ է ստանալու՝ դա է հետաքրքիր»։

Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան
«Քաղաքական առումով վտանգների մասին դեռ կհասցնենք խոսել, դա էլ կա, սա փաստորեն, միանշանակ կախվածություն է մեկ ուրիշ երկրից, կարևոր չէ դա Ռուսաստանը կլինի, կլինի Եվրամիության որևէ երկիր, թե ԱՄՆ-ը։ Բայց մեկ այլ երկրից կախվածություն, այն էլ՝ այս աստիճանի, նշանակում է՝ մեզ հետագայում երկրի տնտեսական, քաղաքական զարգացման հեռանկարներից զրկել։ Ինչը որ տեղի է ունեցել: Դա հանցագործություն է, բառիս բուն իմաստով», - եզրափակեց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG