Մատչելիության հղումներ

Պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «զարգանալու ու խորանալու է»


Պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «զարգանալու ու խորանալու է»
please wait

No media source currently available

0:00 0:01:20 0:00
Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությանը:

«Ընդհակառակը՝ մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորոտում է’լ ավելի է զարգանալու և խորանալու», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Տոնոյանը:

Հատկապես Մաքսային միությանը միանալու` Հայաստանի իշխանությունների որոշումից հետո Երևանում հնչում են մտահոգություններ, թե Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն տարաբնույթ կառույցներին Հայաստանի անդամակցությունը կարող է ի վերջո հանգեցնել ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ մեր ռազմաքաղաքական համագործակցության սառեցմանը կամ նույնիսկ դադարեցմանը:

Այս մտահոգությունները, այսպես ասած, ամրապնդվեցին, երբ Կրեմլից հայտարարեցին, թե Մաքսային միության հիմքի վրա 2015 թվականին ստեղծվելու է Եվրասիական միություն՝ ավելի լայն լիազորություններով, քան Մաքսայինն է: Բացի այդ, ՀԱՊԿ շրջանակում շարունակվում է «ինտեգրացիոն գործընթացը»․ծրագրվում է առաջիկայում ստեղծել միասնական շտաբ:

Ըստ Տոնոյանի, «Ռուսաստանը չի խանգարում» ՆԱՏՕ-ի, ԱՄՆ ու եվրոպական երկրների հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությանը. - «Սահմանափակումներ չկան և չեն կարող լինել: Մեր համագործակցությունը մեր առաջնահերթությունների շրջանակում է իրականացվում: Իսկ առաջնահերթությունները սահմանելը մեր սուվերեն իրավունքն է»:

Դավիթ Տոնոյանը շարունակեց, թե Հայաստանը Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը դիտում է որպես իր անվտանգության ապահովման կարևոր գործոններից մեկը. - «Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը բարձր է գնահատվում և’ մեր, և’ ամերիկյան կողմից: Եվ դրա վկայությունն են այսօր անցկացված հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունները: Պաշտպանության բնագավառում ԱՄՆ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը` որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադիր անդամ, ԱՄՆ-ի դերը ՀՀ – ՆԱՏՕ և ՀՀ – ՆԱՏՕ-ի անդամ երկրներ երկկողմ համագործակցության գործում, ԱՄՆ-ի մոտեցումները ԼՂ խնդրի հանգուցալուծման գործում թույլ են տալիս երկկողմ պաշտպանական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ գնահատել որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոններից մեկը»:

Պաշտպանության նախարարությունում այսօրվա ասուլիսը համատեղ էր:

Երեկ Երևան է ժամանել ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությունը:

Եվ այսօրվա ասուլիսին հայտարարվեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգները 1.5 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին՝ ամրապնդելու հայկական խաղաղապահ զորամիավորումների կարողությունները:

Սպասվում է, որ հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում ծառայություն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG