Մատչելիության հղումներ

Յանուկովիչը մեկնում է Մոսկվա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի նստավայրում ողջունում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, 22-ը հոկտեմբերի, 2012թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի նստավայրում ողջունում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, 22-ը հոկտեմբերի, 2012թ․

Այսօր գումարվում է ռուս - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Մոսկվայում կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկու պետությունների ղեկավարների նախագահությամբ այսօր նախատեսված է ռուս - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսական ներդրումների, ինչպես նաև տիեզերքի բնագավառներում երկկողմ կապերն են։

«Լուրջ ուշադրություն կհատկացվի մշակույթի, կրթության և գիտության ասպարեզում համատեղ ծրագրերին, կքննարկվեն նաև ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանը և միջազգային հրատապ զարգացումներին վերաբերող խնդիրներ», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Ըստ Մոսկվայից ստացված տեղեկությունների, նիստից հետո կստորագրվի երկկողմ փաստաթղթերի մի ստվար փաթեթ։

Արդյոք Յանուկովիչը կհայտարարի՞ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցելու մտադրության մասին․ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նման բան այսօր տեղի չի ունենա։ Լրատվական գործակալությունը վկայակոչում է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին, ով ասել է, որ այսօր ստորագրվելիք հուշագրերը, մտադրությունների մասին արձանագրությունները և համաձայնագրերը որևէ առնչություն չունեն Մաքսային միության հետ։

Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը սրվում է։ Երեկ Բրյուսելում գումարվել է Եվրամիության արտգործնախարարների ժողովը։ Ժամանելով Բելգիայի մայրաքաղաք՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն ասել է, որ «դռները տակավին բաց են Ուկրաինայի առաջ»։

«Եթե ուկրաինացիներից հստակ ազդանշան լինի, ապա մենք պատրաստ ենք այդ երկրի հետ թեկուզ վաղը կամ մյուս օրը ստորագրել Ասոցացման պայմանագիրը։ Եթե նախագահ Յանուկովիչը տա այդպիսի ազդանշան, մենք կարող ենք մինչև շաբաթավերջ այն ստորագրել արտգործնախարարների ժողովում», - ասել է Բիլդտը։

Նրա խոսքերով՝ որոշում ընդունելու իրավունքը վերապահված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։

Ի դեպ, Բրյուսելում արտգործնախարարների հավաքի շրջանակներում կայացել է նաև Եվրամիության արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է․ - «Մենք քննարկեցինք Ուկրաինայի խնդիրը և համաձայնության եկանք, որ բոլորը պետք է հարգեն որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը, և պետք է ժողովրդին թույլ տան ազատ ընտրություն կատարել, թե ինչպես է ցանկանում զարգացնել իր երկիրը և ինչպես է ցանկանում զարգացնել իր պետությունը»:

Բանակցություններին հաջորդած մեկ այլ ճեպազրույցում Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը համաձայնել է, որ ազատ ընտրությունը հիմնարար նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի համար, սակայն հավելել է, որ «նորմալ է, երբ երկրները համաձայնություններ ունեն շատ այլ երկրների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG