Մատչելիության հղումներ

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը շարունակվում է


Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ պայքարող ակտիվիստները Ձմեռ պապի հանդերձանքով թռուցիկներ ու կոնֆետներ են բաժանում անցորդներին:
Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ պայքարող ակտիվիստները Ձմեռ պապի հանդերձանքով թռուցիկներ ու կոնֆետներ են բաժանում անցորդներին:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները վստահեցնում են, որ ունեն անսպառ երևակայություն և նորանոր մտահղացումներ` պայքարելու իրենց համար անընդունելի հակամարգի ներդրման դեմ:

Այսօր օրինակ, նրանք մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում երթ էին կազմակերպել Ձմեռ պապի հանդերցանքով, որի ընթացքում բաժանում էին ոչ միայն թռուցիկներ, այլև քաղցրեղեն:

Նրանց համար անակնկալ չէր երկրի նախագահի երեկվա հայտարարությունը ի պաշտպանություն այդ համակարգի:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երեկ Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարել էր. - «Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից»:

Ուստի, որպեսզի ապագա պաշտոնյաները ներողություն խնդրելու կարիք չունեն, ապա, ըստ երկրի նախագահի` խնդիրը պետք է լուծվի այսօր. - «Փառք Աստծո, ունենք արդեն քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է»:

Հիշեցնենք, նաև, որ իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում տապալեց այս հարցով արտահերթ նիստը, ապա դեմ քվեարկեց օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին ոչ իշխանական ուժերի առաջարկին:

Նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպելուց հետո հասկացան, որ կառավարությունը նույնպես նահանջելու մտադրություն չունի:

«Ազատության» հետ զրույցում «Դեմ եք պարտադիր կուտակայինին» նախաձեռնության անդամներն ասացին, թե հասարակությունը պետք է շարունակի ճնշում գործադրել, քանի որ «այդ մարմինները պարզապես փակել են դռները և ոչ մի կերպ չեն ուզում համագործակցել ժողովրդի հետ, չեն ուզում լսել ժողովրդի ձայնը»:

«Մենք գտնում ենք, որ պետք է նախ ներպետական բոլոր հնարավոր միջոցներով պայքարել, և Սահմանադրական դատարանը, հավանաբար, վերջին կառույցն է: Բայց դա չի նշանակում, որ այստեղով սահմանափակվում ենք: Մենք գիտենք պայքարի շատ ու շատ այլ ձևեր, միջազգային կառույցներ գնալ, տեղում պայքարել», - հավելեց նախաձեռնության մեկ այլ անդամ:

Լուրեր են շրջանառվում, թե որոշ գործատուներ, ակտիվիստներին բողոքի գործողություններից հետ պահելու նպատակով, խոստացել են 5 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:

Նախաձեռնության անդամների վերաբերմունքն այդ երևույթին բացասական է. - «Ստացվում է, որ նրանք համաձայն են այս ամենին: Մենք առաջարկում ենք` դարձրեք կամավոր, արդեն բազմաթիվ մարդիկ հայտարարել են, որ իրենք ուզում են մասնակցել դրան, թող մասնակցեն»:

«Ինձ համար այդ մարդը նույն մարդն է, ով ի վիճակի է հինգ հազար դրամով գնալ ընտրության: Այստեղ պայքարը ոչ թե 5 հազար դրամ չտալու համար է… Այստեղ գումարի չափը չէ, որ կարևոր է: Այստեղ խնդիրը երևույթն է, իսկ երևույթն այն է, որ քո սեփականության հանդեպ ոտնձգություն է իրականացվում», - եզրափակեց ակտիվստներից մեկը:
XS
SM
MD
LG