Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հայերի դեպորտացիան հակամարդկային էր»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Երևան, 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Երևան, 12-ը դեկտեմբերի, 2013թ.

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ հնարավորության դեպքում արտասահմանում պարբերաբար հանդիպում է հայոց սփյուռքի ներկայացուցիչների հետ։

«Արդար հիշողության» անհրաժեշտություն

Թուրքական մամուլն անդրադառնում է արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան մեկօրյա այցին։

«Հյուրիեթ Դեյլի Նյուզը» վկայակոչել է նախարարին, ով ասել է, թե «1915 թվականին հայերի դեպորտացիան սխալ էր և հակամարդկային, և Թուրքիան երբեք հավանություն չի տվել այդ գործողությանը»։

Պարբերականի փոխանցմամբ` Դավութօղլուն և նրան ուղեկցող փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մասնակցել են Երևանում գումարված Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների ժողովին։

«Հյուրիեթի» թղթակից Կանսու Ջամլիբելը «շրջադարձային» է անվանում Դավութօղլուի այցը «վաղեմի թշնամի երկիր»։ Պարբերականի փոխանցմամբ` Դավութօղլուն դրական է գնահատել իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը։

«Մենք շատ գոհ ենք, հանդիպումն անկեղծ էր, այցի հիմնական նպատակն էր ստեղծել համապատասխան միջավայր երկխոսությունն ամուր հիմքերի վրա դնելու համար», - ասել է թուրք նախարարը։ Ապա նա հույս է հայտնել, որ երկու երկրների հավաքական գիտակցության շնորհիվ կարող է ստեղծվել «արդար հիշողություն»։

«Մենք ասում ենք «արդար հիշողություն»։ Ես նկատի ունեմ, որ մենք պետք է փաստերն իմանանք։ Եվ այդ դեպքում կհամոզվենք, որ հայ-թուրքական հարաբերությունները չես համեմատի գերմանա-հրեական հարաբերությունների հետ։ Ամեն փողոցում կտեսնես մի ընդհանուր նշան։ Դա ըմբռնելուց հետո գիտակցում ես, որ այն ժամանակաշրջանի վարչակազմի իրականացրած դեպորտացիան, որը ես բացարձակ սխալ գործելակերպ եմ համարում, անմարդկային էր», - ասել է Դավութօղլուն։

«Հյուրիեթը» փակագծերում նշում է, որ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային տեղահանությունը երիտթուրքերի իշխանությունն է իրականացրել։

Պարբերականը նշում է, որ Երևանն Անկարայից պահանջում է հայության զանգվածային սպանդն ու տեղահանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն Թուրքիան կտրականապես մերժում է այդ պահանջը։


«Հայերը համարվել են դավաճաններ, ովքեր արժանի են տեղահանության»

Դավութօղլուն նաև թուրքական տեսակետից է վերլուծել այդ հանգամանքը։ «Երբ պատմություն ես գրում դեպորտացիայի մասին, ապա պետք է հաշվի նստես նաև այս [թուրքական] կողմի հավաքական գիտակցության հետ` այն հանգամանքի, որ հայերը համարվել են պետության դավաճաններ, ովքեր արժանի են եղել տեղահանության։ Մենք պետք է ոչնչացնենք այդ երկու հավաքական գիտակցությունները։ Մենք դա արել ենք 2005 թվականին, սակայն հայերը դեռ պահպանել են իրենց այդ գիտակցությունը», - ասել է Ահմեթ Դավութօղլուն երևանյան այցից հետո։


«Խաղաղության ճանապարհի հիմքում երեք սյուն»

Լրագրողների հետ զրույցում նա խոսել է նաև սահմանի մասին։

«Մեր առաջնահերթ նպատակը ոչ միայն սահմանի բացումն է, այլ դեպի հարատև խաղաղություն տանող ճանապարհի ամուր հիմք ստեղծելը. այն պետք է հիմնվի երեք սյուների վրա: Առաջինը Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են, երկրորդը` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են, դա ներառում է նաև վրաց-աբխազական կապերը, և երրորդը` հայերի և թուրքերի հարաբերություններն են։
Եթե այդ սյուներից մեկը խարխուլ է, ապա վթար կլինի։ Ասենք, մենք բացեցինք [սահմանի] դարպասը։ Եթե Հայաստանի և Ադրբեջամի միջև պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք այն նորից փակել։ Ամենադժվար խնդիրը ստատուս քվոյի սառցալեռը հալեցնելն է, փորձելով դա անել` կարող ես պատերազմ հրահրել», - ասել է Դավութօղլուն։


Թուրքերը պարբերաբար բանակցել են հայոց սփյուռքի հետ

Նա նաև հայտնել է, որ թուրքական կողմը բանակցություններ է վարել հայոց սփյուռքի հետ, սակայն դա չի հրապարակել։ Նրա խոսքերով` անցյալում հայկական սփյուռքի հետ երկխոսությունը դիտվել է որպես սպառնալիք կամ հետախուզության խնդիր։ Դիվանագետներին մտահոգել է զրույցի հնարավոր գաղտնալսման վտանգը։

«Հիմա դա արդեն աշխատանքի մաս է, ուր էլ գնամ` արտասահմանում միշտ հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչներին, եթե այդպիսիք լինում են։ Մենք դրա մասին հրապարակավ չենք խոսում, քանի որ ծայրահեղական հայերը կարող են խնդիրներ հարուցել։ Մենք գիտակցում ենք, որ եթե չես ստեղծում հիմք սփյուռքի հետ կապի համար, դա Հայաստանի հետ կապն է փակուղի մտցնում», - երևանյան իր առաջին այցից հետո ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG