Մատչելիության հղումներ

Նախախորհրդարանը «Հիմնադիր խորհրդարան» կստեղծի


Ամփոփելով գործունեության առաջին տարին՝ Նախախորհրդարանը հայտարարում է պայքարի նոր փուլի մեկնարկը:

Առաջիկայում կառույցը վերածվելու է Հիմնադիր խորհրդարանի, որի կազմում ընդգրկվելու են 65 պատգամավորներ: Ինչպես այսօր տեղեկացրեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, այսպիսով փորձ է արվելու երկրում ձևավորել այլընտրանքային իշխանություն։

«Ոչ թե հավաքել մարդկանց, տանել իրենց որևէ հասցեով և այնտեղ ինչ-որ պահանջել, և ասել՝ արեք, ինչպես մենք ենք ձեզ ասում։ Ոչ։ Մենք փաստորեն սկսում ենք այլընտրանքային ընտրություն, այլընտրանքային հանրաքվե։ Իրավիճակը հեղափոխական է, վերևները այլևս չեն կարողանում կառավարել, ներքևները այլևս չեն ուզում այսպես ապրել և այսպես կառավարվել»,- ասաց Խզմալյանը։

Առաջիկա օրերին Նախախորհրդարանը հրապարակվելու է հիմնադիր խորհրդարանի թեկնածուների ընտրության չափանիշները և ձևը: Այս կառույցը բացառում է մասնակցությունը 2017 և 2018 թվականներին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Ինչպես ձևակերպեց Նախախորհրդարանի հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը, ընտրությունների միջոցով փոփոխությունն անհնար է, դա իշխանությունների ծուղակն է:

«Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը մինչև 2018 թվականը դիմանալու ռեսուրս չունի, սպասողը չենք, գնալու ենք փոփոխության այն ժամանակ, երբ արդեն ինչ-որ չափով, թեկուզ սաղմնային վիճակով փոխարինող համակարգ ձևավորած լինենք մենք»,- ասաց Սեֆիլյանը։

Վաղվանից Նախախորհրդարանը սկսում է ամենաշաբթյա իրազեկման երթեր մայրաքաղաքի փողոցներում՝ տեղեկացնելով, մարդկանց, որ իրավիճակը օրհասական է։

Ալեք Ենիգոմշյանի խոսքով, վտանգված է երկրի անկախությունը և իրենց նախաձեռնած նոր կառույցը փորձելու է ստվերային իշխանություն իրականացնել։

«Հիմնադիր խորհրդարանը ինչ-որ իմաստով ունենալու է ստվերային խորհրդարանի գործառույթ։ Մենք ասում ենք, որ այսօրվա ռեժիմը գոյություն ունի, մենք պայմանականորեն մոռանում ենք այս ռեժիմի գոյությունը, և դրան զուգահեռ ստեղծում ենք նոր պետության կառույցների սաղմերը, որոնցից առաջինը հիմնադիր խորհրդարանն է։ Դրան զուգահեռ, իհարկե, լինելու է ժողովրդական շարժումը, որի ղեկավարն է լինելու այդ մարմինը»,- ասաց Ենիգոմշյանը։

Խորհրդարանի անդամներին ընտրելու համար քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, պայմանագրեր են կնքելու կառույցի հետ, ինչը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, որը ևս օրես սկսեց ակտիվ գործունեությյունը: Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում համագործակցությունը, թեև տարակարծություններ ունեն:

«Ողջունում ենք որևէ ինքնաբուխ նախաձեռնություն, որոնք խնդիր են դրել ձերբազատվել այս ռեժիմից։ Սակայն այսօրվանից կարող ենք մատնացույց անել գլխավոր տարակարծությունը նրանց և մեր մարտավարության, այն է, որ նրանք ի սկզբանե հայտարարում են, որ գնում են 2017, 2018 թվականի ընտրություններին։ Մենք կտրականապես մերժում ենք դա, որովհետև համոզված ենք, որ մեր ժողովուրդ այդ ռեսուրսը չունի, ուստի պիտի այլ մեխանիզմներ որոնել»,- ասաց նա։

Մինչ այդ Նախախորհրդարանը կառույցներ է ստեղծում մարզերում և սփյուռքում: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է հանդիպումներ ունենում, ասաց՝ տպավորություն է, թե Հայաստանի դեսպանատները դրսում միայն մեր օլիգարխների բիզնեսների համար են աշխատում:

«Ինձ Կիպրոսում բժիշկ է մոտեցել և ասում է՝ «Ես 15 տարի մեքենան եմ վարում, ես ունեմ միջոց ավելի լավ մեքենա վարելու, բայց ես դժգոհ չեմ, ես կվարեմ այս մեքենան, միայն թե մենք Կիպրոսում այսքան գումար հավաքել ենք, տալիս ենք դեսպանատանը, այդ դեսպանատան դեսպանը և իր որդին այսինք մակինիշի մի մեքենայով, սեփական, ոչ դիվանագիտական, սկսում են բոլորիս աչքի առաջ պտտվել»,- պատմեց Խառատյանը։
XS
SM
MD
LG