Մատչելիության հղումներ

Ահմեթ Դավութօղլուն ժամանեց Երևան. Նրան բողոքի ցույցով դիմավորեցին


Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Արմենիա Մարիոթ» ժամանեց հյուրանոցի ետնամուտքից։

Հավաքին մասնակցող արտգործնախարարներից այս պահին նիստին են ժամանել միայն Թուրքիայի և Բուլղարիայի արտգործնախարարները։ Համաժողովը փակ է ընթանում, լրագրողները հնարավորություն չունեն լուսաբանելու այն։

Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ այսօր վաղ առավոտից հավաքվել էին հյուրանոցի դիմաց՝ բողոքի ցույցով դիմավորելու Թուրքիայի արտգործնախարարին, մասնավորապես, պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, ով 2009-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տապալումից ի վեր ժամանում է Հայաստան։

Երեկ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում ծրագրված չէ և տեղի չի ունենալու։

Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար «ճանաչում» և «հատուցում» էին վանկարկում, հայրենասիրական երգեր էին երգում։

«Թուրքիան առանց նախապայմանների պետք է խոսի Հայաստանի հետ, պետք է զերծ մնա Արցախի հիմնախնդրին միջամտությունից, առանց որևէ նախապայմանի բացի սահմանը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի անդամ Արթուր Ղազարյանը:

Ռուզաննա Ստեփանյան
Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG