Մատչելիության հղումներ

Ֆյուլեն կոչ է անում չահաբեկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին


Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է անում Հայաստանի կառավարարության պայմաններ ապահովել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և հատկապես կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների ահաբեկումները բացառելու համար։

Բրյուսելում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո արված իր հայտարարության մեջ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նաև կոչ է անում հետաքննել նախկինում տեղի ունեցած դեպքերը և երաշխավորել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Հայտարարությունում մեջ նշվում է, որ ԵՄ-ն ամրապնդում է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ և ավելացնում աջակցությունը՝ հույս հայտնելով հատկապես, որ հիմնարար ազատությունները, մասնավորապես, խոսքի և հավաքների ազատությունները հետագայում ևս կամրապնդվեն:

Ըստ հանձնակատարի հայտարարության` առանձնահատուկ աջակցություն կտրամադրվի Հայաստանում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմին, որպեսզի այն ամրապնդի իր դերն ու բարեփոխումների գործընթացի դիտարկումը` միաժամանակ լինելով կառավարության հետ կառուցվածքային երկխոսության մեջ:

Շտեֆան Ֆյուլեն որպես ձեռքբերում նշում է անցած տարիների համագործակցությունը և վիզային ռեժիմի դյուրացման և ետընդուման համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի հետ, միաժամանակ ընդգծում է, որ այս տարվա համագործակցության խորհրդի նիստի հանդիպումը բովանդակային առումով հաստատապես տարբերվում է նախորդ տարիների հանդիպումներից` կապված Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների հետ։

Եվրահանձնակատարը հաստատում է, որ Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի անփոփոխ աջակցության վրա` քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների բարելավման ոլորտներում: Նա հավելում է, որ իրենք միաժամանակ խրախուսում են ջանքերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն, ինչպես նաև դատական իշխանության բարեփոխումները:
XS
SM
MD
LG