Մատչելիության հղումներ

Ներկայացվել են հայկական արտադրության առաջին պլանշետը և հեռախոսը


Լուսանկարը՝ կառավարության պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ կառավարության պաշտոնական կայքէջից
Հայաստանի վարչապետին կից արդյունաբերական խորհրդի՝ այսօր կառավարությունում կայացած հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ - ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում:

Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Նա վստահեցրել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջինների գնի համեմատ կլինի էականորեն ցածր:

Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ:

Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:

Շաքարյանը վարչապետին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը և հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG