«Ժողովուրդը կորցրեց հորը»
Երեկ երեկոյան Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյքոբ Զուման հաղորդեց մոլորակի ամենահեղինակավոր առաջնորդներից մեկի` Նելսոն Մանդելայի մահվան լուրը։
«Մեր երկիրը կորցրեց իր ամենամեծ զավակին, մեր ժողովուրդը կորցրեց հորը, թեպետ մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց, միևնույն է, ոչինչ չի կարող մեղմել կորստի խորը ցավը», - ասել է Զուման։
95-ամյա Մանդելան ծանր հիվանդ էր, անցած տարիներին թոքաբորբի, լեղապարկի քարերի և սրտի հետ կապված խնդիրների կապակցությամբ հաճախ է տեղափոխվել մայրաքաղաք Պրետորիայի և երկրի ամենախոշոր քաղաք Յոհանեսբուրգի հիվանդանոցներ։
Մանդելան տասնամյակներ շարունակ պայքարել է Հարավային Աֆրիկայում պաշտոնապես ընդունված ռասայական խտրականության և «ափարթեիդի»` մեկուսացման դեմ։
Պայքար «սպիտակների տիրույթի դեմ»
Վարչապետ Հենդրիկ Ֆերվորդը 1950-ականներին իր ելույթներում հպարտությամբ պնդել է, թե «ափարթեիդի» նպատակն է ապահովել Հարավային Աֆրիկայում սպիտակամորթների գերակայությունը։
«Բարեկամներ, այս հանրապետությունն աշխարհում սպիտակների տիրույթի մասն է», - ասել է «ափարթեիդի» քաղաքականության ճարտարապետ Ֆերվորդը։
Մանդելան 27 տարի անցկացրել է հարավաֆրիկյան բանտերում, բայց անտեսել է ֆիզիկական տառապանքները, ստորացումներն ու հոգեբանական ճնշումները և չի հանձնվել։ Ավելին, ազատ արձակվելուց հետո սևամորթներին կոչ է արել վրեժխնդիր չլինել, սպիտակամորթ բնակիչներին համարել իրավահավասար հայրենակից և եղբայր։
«Հարկ եղած դեպքում բռնությանը պատասխանել բռնությամբ»
Մանդելան իր հոգևոր ուսուցիչն է համարել Մոհանդաս Գանդիին, ով խաղաղ ճանապարհով առաջնորդել է Հնդկաստանի անկախության շարժումը։ Սակայն երբ այդ ռազմավարությունը Հարավային Աֆրիկայում ձախողվել է, երբ սպիտակամորթների ռեժիմը արտակարգ դրություն է մտցրել և սկսել է բիրտ գործողություններով ճնշել սևամորթներին, Մանդելան ասել է, որ պետք է բռնությամբ պատասխանել բռնությանը։
«Պատրաստ եմ մահանալ հանուն ռասաների հավասարության տեսլականի»
Ռեժիմը կարող էր մահվան դատապարտել Մանդելային։ Դատարանում նա ասել է.- «Ես պայքարել եմ սպիտակների գերակայության և սևերի գերակայության դեմ, դա այն իդեալն է, որի օրոք, հուսամ, ես կապրեմ, բայց հարկ եղած դեպքում ես պատրաստ եմ նաև մահանալ հանուն այդ տեսլականի»։
Ռոբբենի կղզու տխրահռչակ բանտում պատիժը կրող Մանդելան աշխարհի համար դարձել է հզոր կամքի տեր իրավապաշտպանի խորհրդանիշ։ ՄԱԿ-ը զենքի մատակարարման արգելք է սահմանել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նկատմամբ։ Տասնյակ երկրներ սկսել են պատժամիջոցներ կիրառել։ Նելսոն Մանդելան այդ տարիներին համարվել է մոլորակի ամենահայտնի «խղճի բանտարկյալը»։
Նոբելյան մրցանակ և հաղթական ընտրարշավ
Պայքարն ավարտվել է Մանդելայի և նրա զինակիցների հաղթանակով։ 1990 թվականին Մանդելան ազատ է արձակվել։ Նրան դիմավորել են որպես ազգային հերոսի։ Մանդելան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը համատեղ ջանքերով ապամոնտաժել են «ափարթեիդի» համակարգը և ճանապարհ բացել Հարավային Աֆրիկայում առաջին դեմոկրատական ընտրությունների համար։ Մանդելան և դե Կլերկը արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակին։
1994 թվականին Նելսոն Մանդելան ընտրվել է Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը։
Հասարակական գործունեություն, կրթություն, իրավապաշտպանություն
Մանդելան մեկ ժամկետ է պաշտոնավարել։ 1999 թվականին ազատելով նախագահի նստավայրը՝ նա սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ, հանդես է եկել ելույթներով, նախաձեռնել է տարբեր կրթական ծրագրեր, որոնց թվում Աֆրիկա մայրցամաքում ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի տարածումը կանխելու քարոզարշավն էր։ Մանդելան խոստովանել է, որ այդ խնդրին մեծ ուշադրություն է հատկացնում, քանի որ իր ավագ որդին մահացել է ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ից։
Բացի այդ, Մանդելան մշտապես արձագանքել է աշխարհի տարբեր մայրցամաքներում տեղի ունեցող իրադարձություններին, իր համերաշխությունն է հայտնել քաղաքական բանտարկյալներին և սատարել է նրանց ազատ արձակման արշավներին։
«Արդարության հսկա»
Արձագանքելով Նելսոն Մանդելայի մահվան լուրին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ քիչ թվով մարդիկ կարող էին հասնել այն բարձունքին, որին հասել է այդ առասպելական քաղաքական առաջնորդը։
«Այսօր նա տուն գնաց, մենք կորցրեցինք երկրագնդի ամենախիզախ, ամենաազդեցիկ և ամենաբարի մարդկանցից մեկին։ Նա այլևս մեզ չի պատկանում՝ նա պատկանում է դարերին», - ասել է Օբաման։
Ցավակցական ուղերձներով են հանդես եկել տասնյակ երկրների ղեկավարներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Մանդելային անվանել է «արդարության հսկա»։
Երկուշաբթի օրը Հարավային Աֆրիկայում ազգային սուգ է հայտարարվելու։