Մատչելիության հղումներ

Այսօր կազմվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերը


2014 թվականի աշխարհի առաջնության համար ընտրված գնդակի անունն է Brazuka
2014 թվականի աշխարհի առաջնության համար ընտրված գնդակի անունն է Brazuka

Մոլորակի ֆուտբոլասերներն անհամբերությամս սպասում են վիճակահանության արդյունքներին։

Մոլորակի ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում այսօր Կոստա դու Սաուիպեն ավանն է, որը գտնվում է Բրազիլիայի Բայա նահանգում` Սալվադոր քաղաքի մոտակայքում։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ղեկավարների, ֆուտբոլի անվանի վետերանների և փոփ աստղերի մասնակցությամբ Կոստա դու Սաիպեում վիճակահանությամբ կկազմվեն ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության 8 խմբերը։

Մոտ 1300 պատվավոր հյուր, մոտ 2 հազար լրագրող: Այս արարողությանը, որը հեռարձակելու են աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները, ներկա կլինեն լեգենդար ֆուտբոլիստներ` բրազիլացի պաշտպան Կաֆուն, ով մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների և երկու անգամ չեմպիոն է դարձել, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կենտրոնական պաշտպան Հերնանդո Հիերոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Զինեդին Զիդանը, Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիո Կանավարոն, որին անվանել են «Մուրո դի Բեռլինո»` «Բեռլինի պատ», Գերմանիայի հավաքականի նախկին ավագ, պաշտպան Լոթար Մաթեուսը, ով 1990-ին աշխարհի չեմպիոն է դարձել, նախկին հարձակվող Ալսիդես Գիջիան, ով Ուրուգվայի կազմում դարձել է 1950 թվականի չեմպիոն և, բացի այդ, հանդես է եկել Իտալիայի հավաքականի կազմում, և, վերջապես, արգենտինացի հարձակվող, 1978 թվականի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը։

2013 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշով առաջատար 8 հավաքականները նախապես առանձնացված են մեկ զամբյուղում այն նպատակով, որ վիճակահանության արդյունքում նույն խմբում չհայտնվեն։

Առաջին` ուժեղ թիմերի զամբյուղում են առաջնության կազմակերպիչ Բրազիլիան, ապա լատիներեն այբբենական կարգով՝ Արգենտինան, Բելգիան, Կոլումբիան, Գերմանիան, Իսպանիան, Շվեյցարիան և Ուրուգվայը։

Երկրորդ զամբյուղում Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի թիմերն են` Ալժիր, Կամերուն, Փղոսկրի ափ, Գանա, Նիգերիա, Չիլի, Էկվադոր։

Երրորդ զամբյուղում Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ընտրանիներն են` Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Մեքսիկա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Չորրորդ զամբյուղում եվրոպական հավաքականներն են` Բոսնիա-Հերցեգովինա, Խորվաթիա, Անգլիա, Ֆրանսիա, Հունաստան, Պորտուգալիա, Իտալիա, Հոլանդիա և Ռուսաստան։

Երկրորդ զամբյուղում 7 թիմ է, իսկ չորրորդում՝ 9։ Հավասարակշռությունն ապահովելու համար նախ չորրորդ` եվրոպական զամբյուղից վիճակահանությամբ կընտրվի մեկ թիմ, որը կընդգրկվի երկրորդ զամբյուղում, ապա դրանից հետո կսկսվի վիճակահանության բավական բարդ երկրորդ փուլը, որի նպատակն է հավաքականների վարպետության հնարավորինս հավասար եղանակով ձևավորել 4-ական թիմով 8 խումբ։

Խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը կանցնեն մեկ ութերորդ, ապա տեղի կունենան մեկ քառորդի և կիսաեզրափակիչի հանդիպումները, խաղը երրորդ տեղի համար և եզրափակիչը։

Առաջնության առաջին խաղը տեղի կունենա հունիսի 12-ին` Բրազիլիայի ընտրանին խաղալու է այս պահին դեռ անհայտ թիմի հետ։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին` Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG