Մատչելիության հղումներ

Լրագրողներն ահազանգում են բարձրաստիճան ոստիկանների ապօրինությունների մասին


Լրագրողներն ահազանգում են բարձրաստիճան ոստիկանների ապօրինությունների մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
«Երկիր» պարբերականը դիմել է ոստիկանություն` պարզելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ՝ դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիաների ժամանակ պարբերականի լրագրողին սպառնալու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի օրը Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Երանոսյանը վրդովվել է, երբ երիտասարդ լրագրող Թագուհի Մելքոնյանը փորձել է ճշտել, թե որքանով են իրավաչափ ոստիկանության գործողությունները, երբ բռնի ուժով բերման էին ենթարկվել մոտ 100 ցուցարարի:

«Հարցրեցի՝ ոստիկանության գործողությունները օրինաչա՞փ եք համարում: Պարոն Երանոսյանն այդ պահին շրջվեց, գնաց: Ես տեսախցիկը անջատել էի, ինձ թվաց՝ էլ չի պատասխանի նա այդ հարցին: Շրջվեց, հետ եկավ, ուշադրությունը սևեռեց իմ տեսախցիկի վրա` ասելով՝ կվերցնեմ կջարդեմ... նման բաներ։ Ես ապշած էի այդ պահին, որովհետև չհասկացա ինչի համար։ Ինձ համար շատ տարօրինակ էր ոստիկանական պաշտոնյայի դրսևորած վարքագիծը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Թագուհի Մելքոնյանը։

Լրագրողների՝ փոխոստիկանապետին մոտենալու տեսագրությունն ու նրա՝ «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ: Ինձ ուրիշի տեղ չդնես ,կտամ դեմդ կջարդեմ, ուզում ես անեմ, տենաս»՝ խոսքերի ձայնագրությունը տեղադրվել է լրատվամիջոցի կայքում։ Մինչև հրապարակելը, ըստ Թագուհի Մելքոնյանի, փոխոստիկանապետը փորձել է միջնորդների միջոցով պահանջել, որպեսզի ջնջեն ձայնագրությունը։

Ոստիկանություն ուղարկված դիմումում yerkir.am-ը հարցնում է՝ ո՞րն է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գնահատականը կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, և արդյո՞ք Լևոն Երանոսյանի՝ քաղաքացիական հագուստով թիկնապահների ուղեկցությամբ շրջելն օրինական է։ Մինչև այս միջադեպը Թագուհի Մելքոնյանը տեսախցիկով ֆիքսել է քաղաքացիական հագուստով այդ ուղեկցողներին։

Նույն օրը Ամիրյան փողոցից «Հրապարակ» պարբերականի լրագրող Վարդան Մինասյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու պնդումների առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել։ Լրագրողը ոստիկանություն է տարվել տարօրինակ հանգամանքներում և այդպես էլ չգիտե, թե ինչու:

«Արամի փողոցով մտա, Պրոսպեկտով դուրս եկա, հայտնվեցի ոստիկանների հետևի մասում արդեն։ Էդ պահին Գասպարիին շպրտեցին մեքենան ու Լևոն Բարսեղյանին ուժի զոռով բարձրաձայնում էին այդ նույն մեքենան։ Ես կամերան պատրաստ, որ նկարում եմ, մեկը ձեռքս ոլորեց, շրջվեմ տեսնեմ՝ Երևանի ոստիկանապետը՝ Աշոտ Կարապետյանը: Ինքն էլ վերցրեց տեսախցիկը, ու էդ պահին ներսից իջան կարմիր բերետավորները, ընկան թևերս ու բարձրացրեցին ավտոմեքենան։ Ոչ մի հիմնավորում, այդ ամեն ինչն առանց ձայնի», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց լրագրողը։

Նրա փոխանցմամբ` այդ ժամանակ իր կողքին մի աղջիկ է նկարահանումներ իրականացրել, որին «մտցրել են մեքենան, տեսախցիկը ձեռքից վերցրել են ու աղջկան մեքենայից դուրս շպրտել»:

Մինասյանի փոխանցմամբ, ոստիկանական մեքենայի մեջ իրեն հարվածել են, երբ հեռախոսով լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես են կողքիններին խփում. - «Մտավ մեկը ու հարվածեց ուղիղ ծնոտիս։ Հեռախոսս ընկավ ներքև...»։ Իսկ ոստիկանության բաժնում այդպես էլ չեն բացատրել, թե ինչու են տարել, և լրագրողը դուրս է եկել։

Դեկտեմբերի 2-ի ակցիայի ժամանակ այլ լրատվամիջոցներից ևս լրագրողներ ոստիկանություն տարվել են։

«Գոնե վերջին մեկ տարվա ընթացքում չեմ հիշում, որ որևէ ակցիայի ժամանակ նման վերաբերմունք դրսևորվի լրագրողների նկատմամբ, բայց այդ օրն ուղղակի շոկի մեջ էի։ Կապ չուներ՝ լրագրող ես, քաղաքացի ես, անչափահաս ես, չափահաս ես, աղջիկ ես, տղամարդ ես», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց yerkir.am-ի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը. - «Մեկ նպատակ էր դրված, որ այդ օրը Ռուսաստանի նախագահը որևէ քաղաքացու փողոցում չտեսնի»։

«Որևէ սպասելիքներ չունեմ, սկսած սեպտեմբերի 3-ից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: - «Որովհետև այն օրը, որ հայտարարվեց, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն, ակնհայտ էր, որ մեզանում գնալու են պրոցեսները ճիշտ ռուսական սցենարով: Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում՝ պրոյեկտվելու է Հայաստանում։ Նույն կերպ են վերաբերվելու ցուցարարների, ընդդիմության նկատմամբ, ինչպես Ռուսաստանում են վերաբերվում։ Մենք ակնհայտորեն ընտրություն կատարեցինք ՝գնալ Եվրոպա, լինել դեմոկրատական երկիր, թե գնալ դեպի Մաքսային միություն և լինել այնպիսի երկիր, ինչպիսին այսօր Ռուսաստանն է»։
XS
SM
MD
LG