Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պնդում է, թե բյուջեից տարեկան թալանվում է 2,5 մլրդ դոլար


Վկայակոչելով միջազգային կազմակերպությունների, Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցները` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում այսօր հայտարարեց, թե Հայաստանի բյուջեն տարեկան թալանվում է 2.5 միլիարդ դոլարով:

Զուրաբյանը խորհրդարանում բանավոր հնչեցրեց դեռ մեկ ամիս առաջ խմբակցության անունից կառավարություն ներկայացված գրավոր հարցապնդումը. կոռուպցիան համեմատված է բուրգի հետ, որի գագաթին պետական պաշտոնյաներն են:

Կառավարությունը, ըստ Զուրաբյանի, «ոչ մի փաստարկված պատասխան չի տվել», թե ինչու մեղավորները չեն պատժվում:

Կառավարության անունից հանդես եկող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, թե հնչեցված մի շարք հարցեր «դուրս են կառավարության իրավասությունից»:

ՀԱԿ-ը հարցապնդման մեջ ներկայացրել է յոթ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնց վաստակած գումարներն են ու հայտարարագրված ունեցվածքը «անհամաչափ» են:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ ՀԱԿ-ի, 2012 թվականին հայտարարագրել է 116 միլիոն դրամի բանկային միջոցներ: Ունի նաև 8 մլն դրամը գերազանցող հնաոճ իրեր` 18-20-րդ դարի արձանիկներ, քանդակներ, Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Քոչարի, Կոջոյանի նկարների հավաքածու:

Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը, ըստ ընդդիմադիր խմբակցության հարցապնդման, 2012-ին դրամական միջոցներ չի հայտարարագրել: Բայց 2011-ի դրությամբ 278 մլն դրամ և մոտ 3 մլն ամերիկյան դոլար է ունեցել: 188 մլն դրամ և 2 մլն 765 հազար դոլար տնօրինում է Խաչատրյանի կինը:

«Իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ տվյալ անձանց եկամուտների գոյացումը կարող էր հնարավոր լինել միայն հակաօրինական, կոռուպցիոն կամ պետական հովանավորչության ներքո ձեռնարկատիրությամբ զբաղվելու պարագայում», - եզրակացրել են ընդդիմադիրները:

«Եթե ինչ-որ մեկը գրագիտությունից է խոսում, ապա, ցավոք սրտի, պետք է ասեմ` այդքան անգրագետ չլինեիք և չգրեիք այնպիսի բաներ, որը կառավարության իրավասության մեջ չի մտնում», - նշեց Հրայր Թովմասյանը:

ՀԱԿ-ի հարցապնդման մեջ անդրադարձ կա նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին: ՀԱԿ-ում կարծում են, որ եթե այդքան երկար ժամանակում չի հաջողվում հերքել, ապա վարչապետը պետք է հրաժարական տա` հանուն պետության հեղինակության վերականգնման:

Զուրաբյանի մեկնաբանությունը, թե «ստացվում է, որ այդ ուչաստկովիի գործը ահագին բարդացել է», զայրացրեց Արդարադատության նախարարին. - «Ի՞նչ եք կարծում, պետք է Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ ձեզ պատասխանեմ, թե ինչու պատասխան չեն տալիս: Թե՞ այնքան հզոր ենք, որ Կիպրոսի կառավարության վրա ենք կարողանում ազդել: Եթե այդքան հզոր ենք, ուրեմն ասելու բան չկա»:

Ընդդիմադիր խմբակցությունը իր հարցապնդման մեջ անդրադարձել է նաև «Արմավիա» ընկերության գործունեությանը: Օգտվելով կառավարության հովանավորությունից` ընկերությունը տարիներով չի կատարել իր հարկային պարտավորությունները, բայց «հարկերից, տուրքերից չարամտորեն խուսափելու համար իշխանությունը միջոցներ չի ձեռնարկել»:

«Կառավարության պատասխանից հետևում է, օրինակ, որ հինգ տարի շարունակ «Արմավիա»-ն խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից, բայց կառավարությունը դա նկատել է միայն 2012 թվականին: Հիմա մենք հարցնում ենք. նկատելուց հետո ինչո՞ւ քրեական հետապնդում չեք իրականացրել, ինչպես դա պահանջում է Քրեական օրենսգրքի 205 հոդվածի երկրորդ մասը, այլ հարցը փորձում եք լուծել ՀՀ վարչական դատարանի միջոցով: Կառավարությունը մեզ տառացիորեն պատասխանել է հետևյալը` քրեական գործ չի հարուցվել, քանի որ վերոնշյալ գումարը բռնագանձելու հայց ներկայացվել է ՀՀ վարչական դատարան», - ասաց Զուրաբյանը:

Թովմասյանը հակադարձեց. - «Դուք կարող եք գույները շատ գեղեցկացնել, թունդացնել, ինչ-որ թվեր բերել, տվյալներ բերել, համամասնություններ: Դրանից իրավիճակը չի փոխվի: Որ անհեթեթություն ասացիք, դրանից ձեր գրած անհեթեթությունը նորմալ բան չի դառնա: Մի արեք դա: Եվ եթե քաղաքական երկխոսություն եք ուզում և ձեռք եք մեկնում, այդ ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակառակ բռունցքն եք ստանալու: Ավելի վատ, ավելի կոպիտ»:

Ըստ ՀԱԿ-ի`կոռուպցիան համակարգային է, ներխուժել է պետական գնումների ոլորտ, արագաչափերին, ավտակայանատեղիներին է հասել, որոնց տերերը նույնպես պետական հովանավորչություն են վայելում:

Նախարարը հորդորեց տեսնել ահռելի փոփոխությունը. - «Եթե երկու-երեք տարի առաջ ձեզանից որևէ մեկը ասեր, որ նախարարի ավտոմեքենան կարող է տուգանվել և այդ տուգանքը վճարվեր, հեքիաթ կթվար: Ցավոք սրտի ինձ հետ չի, որ ձեզ ցույց տամ, թե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մեքենան ոնց է տուգանվել և ոնց է այդ տուգանքը վճարվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG