Մատչելիության հղումներ

Պետական ընդունելություն ի պատիվ Ռուսաստանի նախագահի


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, երեկ երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:

Ռուսաստանի նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության և անկեղծության վկայությունների մասին և ընդգծել, որ դրանք անգին են ցանկացած հայի համար:

«Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Ավելին՝ այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը և լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը», - հայտարարելէ, մասնավորապես, Հայաստանի նախագահը:

«Գյումրիի և ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Ձեր այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ և տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ և միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը»:

Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ հայ - ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային գործակցությունն այսուհետ ևս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների և նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման: Նա ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցը, անկասկած, արդեն կարևոր նշաձող է դարձել այդ ճանապարհին:

Փոխադարձ բաժակաճառում Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ՝ շատ խորը և Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի և Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենևին պատահական չհամարելով:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում:

«Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, թե դրանք պակաս արդյունավետ և ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում և հարյուրամյակներում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG