Մատչելիության հղումներ

«Ստալին» գինի Վրաստանում


Ստալինի արձանի ապամոնտաժումը խորհրդային բռնապետի հայրենի՝ վրացական Գորի քաղաքում, 25-ը հունիսի, 2010թ․
Ստալինի արձանի ապամոնտաժումը խորհրդային բռնապետի հայրենի՝ վրացական Գորի քաղաքում, 25-ը հունիսի, 2010թ․
Միխեիլ Սաակաշվիլի իշխանության օրոք ընդունված ևս մի օրենքի շուրջ Վրաստանում կրկին խառնաշփոթ է առաջացել:

Վրացական խորհրդարանն օրենքով արգելել է երկրում սովետական խորհրդանիշների օգտագործումը, սակայն, չնայած գործող օրենքին, պարզվել է, որ Թբիլիսիի ամենամեծ վաճառքի կենտրոնում՝ «Կարֆուր» հիպերմարկետում վաճառվում է «Ստալին» անունով մի գինի, որն արտադրվում է հենց Վրաստանում: Գինու պիտակի վրա պատկերված են Խորհրդային Միության խորհրդանիշերը՝ մուրճն ու մանգաղը, դրոշը:

«Կարֆուր»-ի տնօրինությունը, միայն վերջերս տեղեկանալով սույն օրենքի մասին, հայտարարել է, թե այն ժամանակ այլ կառավարություն էր գործում, և որ «Կարֆուր»-ն այդ գինին վաճառում է բացման առաջին իսկ օրերից:

2012 թվականին «Կարֆուր»-ը այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը հենց Թբիլիսիում: Ընկերությունը մտադիր է շարունակել ներդրումները Վրաստանում՝ բացելով ևս չորս հիպերմարկետ:

«Կարֆուր»-ի գլխավոր մենեջերը հայտարարել է, թե 2011 թվականին այլ կառավարություն էր, իսկ այսօր հնարավոր է նույնիսկ, որ նրանց դուր գա այդ գինու գոյությունը՝ չէ որ Ստալինի արձանն են ուզում վերականգնել:

Ի դեպ, Ստալինի կանգուն մնացած ամենահայտնի արձանի ապամոնտաժումը մեծ ոգևորությամբ են ընդունել Վրաստանում, չնայած շատերին վշտացրել էր գաղտնիությունը, որով արձանը վերացրեցին խորհրդային գործչի հայրենի քաղաքից․ օրերից մի օր Գորիի բնակիչներն առավոտյան բացահայտել են, որ 1952-ին` խորհրդային առաջնորդի մահից մեկ տարի առաջ տեղադրված Ստալինի 6-մետրանոց արձանն այլևս չկա քաղաքի կենտրոնական հրապարակում:

Վրաստանի նոր իշխանություններն ակնարկել են Ստալինի արձանը վերականգնելու մտադրության մասին:

«Վրաստանի դեօկուպացիա» կենտրոնի տնօրենը բավական կոշտ է արտահայտվել վրացական արտադրության «Ստալին» գինու մասին՝ հիշեցնելով, որ այդ գինու թողարկումն արգելվում է օրենքով:

«Կարֆուր»-ի տնօրինությունն էլ, իր հերթին, չի թաքցրել, որ «Ստալին» գինին մեծ պահանջարկ չի էլ վայելում, հատկապես այն բանից հետո, երբ քաղաքացիներից մեկը պիտակի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել:

Սակայն երկրի համապատասխան պաշտոնյաներից և ոչ մեկը դեռևս չի անդրադարձել արգելվող պիտակով գինու արտադրության փաստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG