Մատչելիության հղումներ

Ուկրաինան` վիլնյուսյան համաժողովի հիմնական թեմա


Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլե և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլե և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Կիևի և Բրյուսելի հարաբերությունների սերտացումը Եվրամիության օրակարգից դուրս չի եկել, վստահեցնում է եվրահանձնակատար Ֆյուլեն:

Ուկրաինան Վիլնյուսում մեկնարկած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կուլուարներում քննարկվող հիմնական թեման է: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են խորը հիասթափություն հայտնել պաշտոնական Կիևի գործողությունների առթիվ:

Արևելյան գործընկերության համաժողովի ընթացքում կազմակերպված քաղաքացիական ֆորումի շրջանակներում այդ մասին կրկին խոսեց Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` կենտրոնանալով հատկապես տապալված համաձայնագրի տնտեսական կողմի վրա:

«Ես ցավում եմ, որ Ուկրաինան այդպիսի որոշում կայացրեց: Սա առանձնահատուկ մի հնարավորություն էր, որ թույլ կտար կանգնեցնել ուղղակի արտաքին ներդրումների ծավալի անկումն ուկրաինական տնտեսությունում, ինչպես նաև նոր լիցք կհաղորդեր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններին: Արդիականացման և ներդրումների հնարավորություններից շատերն այժմ, ցավոք սրտի, հետաձգվելու են», - նշեց Ֆյուլեն՝ միաժամանակ ընդգծելով,որ Կիևի և Բրյուսելի հարաբերությունների սերտացումը Եվրամիության օրակարգից դուրս չի եկել:

«Չնայած այս ամենին՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Եվրամիության և Ուկրաինայի հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու մեր իսկ ստանձնած պարտավորությանը: Եվրամիությունը պատրաստ կլինի վերսկսել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներն այն պահին, երբ Ուկրաինան որոշի վերադառնալ Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ուղուն», - հայտարարեց Ֆյուլեն:

Իսկ Եվրախորհրդարանի նախկին խոսնակ, Ուկրաինայի հետ բանակցություններում Եվրամիության բանագնաց Պետ Կոքսը քաղաքացիական ֆորումի մասնակիցներից դիմելով նշեց, որ իրեն խիստ զարմացնում է հատկապես ռուսական միջամտության մակարդակը` Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում:

«Շատ ցավալի կլինի, եթե պետությունները, անկախ լինելով, այնուհանդերձ իրենց ինքնիշխանության կիրառման առումով ի վերջո անազատ դառնան: Ժամանակակից Եվրոպայում դա անընդունելի է», - համոզված է իռլանդացի գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG