Մատչելիության հղումներ

Ամբաստանյալը պատմում է բռնությունների մասին՝ հնչեցնելով բարձրաստիճան ոստիկանների անուններ


Գյումրիի նախկին քաղաքապետի փեսայի գործը անակնկալ զարգացում է ստացել
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը։

Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը։

Այսօր ամբաստանյալը ասաց, որ Կարեն Եսայանի սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։

«Այն անձինք, ովքեր կամ տեղեկություն ունեն սպանության իրական հանգամանքների, կամ իմ անմեղության վերաբերյալ, կամ դատարան չհրավիրվեցին, կամ դատարան ներկայանալով՝ չցանկացան պատմել իրականությունը։ Ես կրկին պնդում եմ, որ ես ոչ մի առնչություն ոչ սպանության, ոչ սպանություն նախապատրաստելու հետ չունեմ։ Այդ մասին քաջատեղյակ էին որոշ անձինք, ովքեր կարող էին դատարանում տալ ցուցմունքներ և հաստատել իմ անմեղությունը, սակայն նրանք դա չարեցին, որովհետև վախեցան, որ կամ իրենք էլ իմ պես անմեղ լինելով կհայտնվեն իմ կողքին, կամ իրենք էլ Կարեն Եսայանի պես անմեղ զոհ կդառնան»,- ասաց Սարգսյանը։

Ամբաստանյալը պատմեց, թե ինչպիսի բռնությունների է ենթարկվել ոստիկանությունում՝ հնչեցնելով բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։

«Ընթացքում եկավ [ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ] Կարեն Բաբակեխյանը, հարցեր տվեց սպանության կապակցությամբ։ Ուշ էր արդեն, Բաբակեխյանը հրահանգեց տանել ինձ մարզային վարչություն, իր սենյակ։ Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, երկու քաղաքացիական հագուստով մարդիկ։ Դրանցից մեկին չեմ հիշում, բայց հետո իմացա, որ մյուսը քրեական հետախուզության պետ [Երևանի ներկայիս ոստիկանապետ] Աշոտ Կարապետյանն էր։ Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել»,- պատմեց Սարգսյանը։

Ամբաստանյալը պնդեց, որ իր նկատմամբ բռնությունը այսքանով չի սահմանափակվել, շարունակվել է ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայրում.- «Քնած ժամանակ ինձ արթնացրեցին, տարան առաջին հարկ, ինչ-որ սենյակ։ Սենյակում էր Աշոտ Կարապետյանը։ Նա ներկայացավ, համոզեց, որ մեղքը իմ վրա վերցնեմ, հակառակ դեպքում ինձ համար ավելի վատ կլինի։ Ես չհամաձայնեցի, որից հետո նա դիմակավորված անձանց հրահանգեց ծեծի ենթարկել ինձ»։

Հարություն Սարգսյանը շարունակեց. - «Տեղի է ունեցել դաժան սպանություն, և մարդասպանը ազատության մեջ է։ Եթե մինչ օրս դա ձեզ համար իրականություն չէ, ուրեմն դուք օբյեկտիվ չեք, ուրեմն իմ ցուցմունքն էլ ոչինչ չի փոխելու։ Այդ իսկ պատճառով ես ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ և հրաժարվում եմ որևէ մեկի հարցերին պատասխանել»։

Այնուհետև Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդությամբ հանդես եկավ, ասաց՝ ամբաստանյալի մայրն իր ցուցմունքում նշել էր, որ կա անձ, ով տեսել է, որ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը վիճաբանել է Կարեն Եսայանի հետ, քանի որ դեմ է եղել ամուսնությունը։ Այդ անձին անունը չհրապարակվեց՝ ելնելով վերջինիս անվտանգության շահերից։ Փաստաբանն ասաց, որ այդ անձը պատրաստ է դատարանում ցուցմունք տալ՝ դռնփակ դատական նիստում, առանց մեղադրող կողմի ներկայության։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը հակադարձեց, ասաց՝ «հանրությանը շեղելու հերթական անհաջող փորձն է».- «Սպարտակ Ղուկասյանը որևէ առնչություն չի կարող ունենալ այս հանցագործության հետ, որովհետև տրամաբանական չէ»։

Մեղադրող կողմը գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դատավարական օրենսգրքով նման նորմ չկա։ Դատավոր Մարտին Սարոյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը։ Դատավորը մերժեց նաև ամբաստանյալի շահերի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։
XS
SM
MD
LG